«Ուրբանիստ» ակումբը նախագծում է ուսուցողական այգու մոդել

2020-2021 ուսումնական տարում իր գործունեությունը սկսեց «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Ուրբանիստ» ակումբը։ Ակումբի ղեկավարը Աստղիկ Գրիգորյանն է։ Թիմում հավաքվել են «Այբ» ավագ դպրոցի 11-րդ և 12-րդ դասարանի աշակերտներ, ովքեր անտարբեր չէին քաղաքային տարածքներում առկա խնդիրների նկատմամբ և ցանկանում էին գտնել շրջակա միջավայրը բարելավելու ուղիներ։

Սկզբնական շրջանում ակումբն աշխատում էր երկու ուղղությամբ՝ լքված արտադրական տարածքների վերաիմաստավորում և ուսուցանող այգիների կազմակերպում։ Առաջին ուղղության շրջանակում աշակերտներն ուսումնասիրեցին միջազգային փորձը տվյալ ոլորտում, ինչպես նաև ծանոթացան հանրաճանաչ ուրբանիստներին և նրանց հիմնած ուղղություններին։ Աշակերտները հնարավորինս օգուտ քաղեցին այս փորձից՝ անհատական հետազոտությունների և լքված արտադրական տարածքներ այցերի ընթացքում կատարած վերլուծական աշխատանքների շնորհիվ։

«Ուրբանիստ» ակումբն ամբողջ ուժերը կենտրոնացրեց երկրորդ ուղղության վրա, և որպես հիմնական նախագիծ որոշվեց ուսուցողական այգու մոդելի իրականացումը։ Ակումբը նախագծում է մոդել դպրոցի Գ մասնաշենքի հարակից տարածքների կազմակերպման համար։ Նպատակը տվյալ տարածքների առավել արդյունավետ և շահեկան օգտագործման տարբերակ մշակելն է։ Այս նպատակով կատարվել են հարցումներ դպրոցի ուսուցիչների, անձնակազմի, աշակերտների և մյուս ակումբների շրջանում՝ հասկանալու պահանջարկը և մեր առաջարկած լուծումների իրատեսականությունը։ Այս պահին սերտ համագործակցության մեջ ենք միջին և տարրական դասարանների ուսուցիչների հետ, քանզի մոտ ժամանակներում ծրագրում ենք ամբողջացնել երեխաների համար ուսուցողական այգետարածքների մոդելը, որպեսզի հնարավորինս շուտ սկսվի իրագործման փուլը։ Աշակերտները կկարողանան այս տարածքներում սեփական ուժերով աճեցնել տարբեր բուսատեսակներ, և սրա շնորհիվ ավելի կամրապնդվի բնության հետ նրանց կապը։

Ակումբն աշխատում է ամբողջացնել նախագծային մոդելը, և այս համալիրում ներառված կլինեն ուսուցողական այգետարածքներ, բացօթյա փոքր կինոթատրոն, որը կծառայի նաև որպես բացօթյա լսարան, այգետնակ՝ աշակերտների աշխատանքային պարագաների համար, խաղահրապարակ։ Ակումբը ծրագրել է նաև դաշտում նախկինում փարթամ կաղնու ծառից մնացած կոճղին տալ երկրորդ կյանք և վերածել այն փոքրիկ գրադարանի։

Ակումբում այս մի քանի ամսվա ընթացքում ձևավորվել և ամրապնդվել են թիմային ոգին և թիմային աշխատանքը, որոնց շնորհիվ ակումբը հստակ քայլերով մոտենում է նախագծի իրականացման ավարտին։

Էլեն Հայրապետյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>