«Այբ»-ը մասնակցեց «Կլիմայի փոփոխությունն ու երեխաները․ ազդեցություն, իրավունքներ և մասնակցություն» միջազգային գիտաժողովին

«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Կանաչ քիմիա» ակումբը մասնակցեց «Կլիմայի փոփոխությունն ու երեխաները․ ազդեցություն, իրավունքներ և մասնակցություն» միջազգային գիտաժողովին՝ ներկայացնելով բնության մեջ ինքնաքայքայվող պլաստիկների նախագիծը։

Մարդու իրավունքների համաշխարհային կամպուսի, Բարձր կենսակերպի հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի, Ավստրիայի զարգացման գործակալության, ShareMusic and Performing Arts-ի և Հայաստանի Փոքր թատրոնի հետ կազմակերպված գիտաժողովն իրականացվում է Մարդու իրավունքների համաշխարհային կամպուսի և ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի «Մարդու իրավունքները և ժողովրդավարացումը Կովկասում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագրի շրջանակում: Գիտաժողովի նպատակն էր մեկ հարթակում համախմբել փորձագետներին և գիտնականներին՝ միջազգային գիտական ձևաչափով քննարկելու կլիմայի փոփոխությունն ու գալիք սերնդի վրա դրա ազդեցությունները:

«Այբ» դպրոցը ներկայացավ հատուկ հյուրի կարգավիճակով։ «Այբ»-ի շրջանավարտները ոչ միայն խոսեցին կլիմայական փոփոխությունների և մարդկանց վարքագծի աղետալի հետևանքների մասին, այլև ներկայացրին խնդիրների լուծման իրենց տարբերակը։ Դպրոցի շրջանավարտներ, «Կանաչ քիմիա» ակումբի անդամներ Սերգեյ Բադալյանն ու Սյուզաննա Երկնափեշյանը պատմեցին դպրոցի լաբորատորիայում աշակերտների ստեղծած բիոպլաստիկների և դրանց օգտակարության մասին, իսկ Ռուբեն Քերոբյանը ներկայացրեց այն սարքի նախագիծը, որով բիոպլաստիկները կարող են դուրս բերվել արտադրական փուլ։

Շրջակա միջավայրում հայտնված պոլիէթիլենային տոպրակները կենսաբանորեն չեն քայքայվում և բնության մեջ մնում են հարյուրավոր տարիներ, ինչն էլ կայուն աղտոտվածության հիմնական պատճառ է դառնում: «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Կանաչ քիմիա» ակումբի աշակերտները մի քանի տարի է՝ զբաղվում են բիոպլաստիկների ստեղծմամբ և մշակմամբ։ Այս բիոպլաստիկները զգալի առավելություններով կարող են փոխարինել պոլիէթիլենին: Արտադրանքը պատրաստվում է օսլայի հումքով, էկոլոգիապես մաքուր է և անվնաս: Ի տարբերություն պոլիէթիլենի՝ հարյուրավոր տարիների փոխարեն բիոպլաստիկը քայքայվում է 1-2 ամիսների ընթացքում:

Բիոպլաստիկների պատրաստման «Կանաչ քիմիա» ակումբի մշակած եղանակը գյուտի արտոնագիր է ստացել Մտավոր սեփականության գործակալության կողմից և տեղ գտել ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական տեղեկագրում։

«Այբ»-ի շրջանավարտների ներկայացրած բիոպլաստիկների նախագիծը մեծ արձագանք գտավ գիտաժողովի մասնակիցների շրջանում՝ ստանալով գովասանքի հիացական խոսքեր, նաև համագործակցության հնարավոր առաջարկներ։

Հիբրիդային ձևաչափով անցկացված գիտաժողովին ներկա էին ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, Համաշխարհային կամպուսի խորհրդի գլխավոր քարտուղար Մանֆրեդ Նովակը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>