Թումանյանական շաբաթ «Այբ» դպրոցում

Կա Մեծարենց, կա Տերյան, և բազում այլ պոետներ կան,
Բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության։

Եղիշե Չարենցի այս տողերով կարելի է բնութագրել Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին։ Հենց վերջինիս ծննդյան օրն էլ նշվում է Գրքի տոնը Հայաստանում։ Տարեցտարի տոնն ավելի շատ ժողովրդականություն է ձեռք բերում՝ մեծ արձագանք գտնելով հանրության շրջանում և ստանալով համազգային բնույթ: Այս ուսումնական տարում «Այբ» դպրոցում մի ամբողջ շաբաթ՝ փետրվարի 13-17-ը, տեղի ունեցան ճանաչողական ու խաղային բնույթի մի շարք միջոցառումներ՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծին և գրքի տոնին։

Շաբաթը սկսվեց 11-րդ դասարանի աշակերտուհի Լիլի Թովմասյանի՝ Հ․ Թումանյանի քառյակների ընթերցում-քննարկումով, որից հետո աշակերտները պատրաստեցին սահիկաշարեր՝ իրենց վերլուծությունները ներկայացնելու համար, և լավագույն երեք վերլուծություններն արժանացան նվեր գրքերի։

Մյուս օրը տեղի ունեցավ՝ Թ․Ա․Կ/ D.E.A.R («Թո՛ղ ամենը և կարդա՛» / “Drop everything and read”) ֆլեշմոբը, որի նպատակն էր խրախուսել ընթերցանությունը որպես հանգստի ձև: Օրն անցավ շատ հետաքրքիր և ինքնատիպ։

Երրորդ օրը մոտիվացիոն թիմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ գրքախաղ, որին մասնակցեցին 9-12-րդ դասարանների աշակերտները։ Խաղը ստեղծելու նպատակն է եղել սեր ներշնչել ընթերցանության նկատմամբ: Ամենաարագ և ճշգրիտ խաղացողները նվեր ստացան գրքեր։ Խաղը բովանդակալից էր և գիտելիքներով լի։

Չորրորդ օրը բեմարվեստի դասի շրջանակում տեղի ունեցավ ժամանակակից թատերագիր Յասմինա Ռեզայի պիեսի բեմականացված ընթերցանությունը: Այս ընթերցման նպատակն էր ծանոթացնել աշակերտներին ժամանակակից դրամատուրգիային:

Եվ վերջին՝ հինգերորդ օրը «Այբ» դպրոցի աշակերտները նվիրեցին գրքեր դպրոցի գրադարանին և այն հարստացրին նոր ու թարմ գրքերով։ Ամբողջ շաբաթվա ընթացքում դպրոցի տարածքում տեղի էր ունենում նաև Հ․ Թումանյանի պատկերազարդ գրքերի շապիկների ցուցահանդես։

Տարրական դպրոցի աշակերտները տոնական շաբաթվա վերջում նաև նշեցին Բարեկենդանի տոնը։ Մինչ այդ երեխաները նկարել էին թումանյանական հեքիաթների հերոսների պատկերներով դիմակներ, ապա ազգային երգուպարով խաղացին բարեկենդանյան խաղեր։

Այսպիսով՝ թումանյանական շաբաթը լի էր հիշարժան և տպավորություններով լի պահերով։ Այն փոխանցեց ընթերցանության ու գրքի նկատմամբ սեր նոր սերունդներին։ Իսկ շաբաթն ամփոփեցինք հենց Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը կայացած առաջնելույթով: «Այբ» ավագ դպրոցի երգչախումբը խմբավար Անահիտ Պապայանի ղեկավարությամբ ներկայացրեց Հովհաննես Թումանյանի «Ծիտիկի օրորքը» օրորոցայինի տեսահոլովակը:

Էլեն Շահնազարյան, 10-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>