Թումանյանական շաբաթ «Այբ» դպրոցում

«Լեզուն է ամեն մի ժողովրդի գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը»:

Իզուր չէ, որ Հովհաննես Թումանյանն այսպես է բնորոշել հայոց լեզուն և նրա ազգապահպան նշանակությունը։ Մեր լեզուն մտածողություն, հիշողություն և կենդանի օրգանիզմ է։ «Այբ» դպրոցում հայոց լեզուն պարզապես դասավանդվող առարկա չէ, այլ ազգային արժեքների փոխանցման և կրթական ավանդույթների պահպանման միջոց։ Այդ պատճառով ամեն տարի Հովհաննես Թումանյանի ծննդյան, Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերի կապակցությամբ տեղի է ունենում Թումանյանական շաբաթը, որը միջոցառումների մեկ ամբողջական շղթա է՝ լի քաղցրահնչյուն հայերենով և գրականությամբ։

Այս տարի Թումանյանական շաբաթը տեղի ունեցավ փետրվարի 16-20-ին։ Այն մեկնարկեց համայնքի ժամին, որում ներկայացվեց առաջիկա տոների խորհուրդն ու նշանակությունը։ Դրան հաջորդեցին աշակերտական երգչախմբի գեղեցիկ կատարումն ու շրջանավարտների կատարմամբ «Ծիտիկի օրորը» հուզիչ օրորոցայինի տեսահոլովակի ներկայացումը։ Շաբաթը լի էր հետաքրքիր ֆլեշմոբներով, ուսուցողական և խաղային միջոցառումներով։ Աշակերտները հյուրընկալեցին նաև ժամանակակից գրող Անուշ Սարգսյանին, որի հետ ունեցան շատ ջերմ և հետաքրքիր հանդիպում։

Առանձնահատուկ էր Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, երբ 11-րդցի այբեցիները ներկայացրին Պարույր Սևակի զարմանալի թվացող «Ամանեջ» վեպի թատերականացված հատվածները՝ բացահայտելով Պարույր Սևակին որպես արձակագրի։ Այդ օրը մեկնարկեց նաև «Գիրք գրադարանին» նախաձեռնությունը, որը մեծ հնարավորություն է դպրոցի գրադարանը համալրելու շրջադարձային և ոգեշնչող ժամանակակից գրականությամբ։

Թումանյանական շաբաթվա առանձնահատուկ ամփոփումը տեղի ունեցավ պանելային քննարկմամբ, որի խոսնակներն էին Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն, գրականագետ, թարգմանիչ Սևակ Ղազարյանը և ժամանակակից արձակագիր, գրականագետ և խմբագիր Հրաչյա Սարիբեկյանը, իսկ քննարկումը վարում էր 11-րդ դասարանի աշակերտ Մարի Հովհաննիսյանը։ Մինչ բուն քննարկումը 11-րդ դասարանի աշակերտները ելույթ ունեցան հուզաշատ և գեղեցիկ կատարումներով։ Այս գեղարվեստական հատվածին հաջորդած բովանդակալից և հետաքրքիր քննարկման առանցքում ժամանակակից լեզվական մարտահրավերներն էին, ներկա հայերենի վիճակն ու գրականության որոնումները։ Խոսնակները հանդես եկան առանձնահատուկ խորհուրդներով՝ պատասխանելով հետաքրքրասեր լսարանի բազմաբովանդակ հարցերին։

Թումանյանական շաբաթը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հայոց լեզուն մեր ազգային ինքնության կենսունակ հիմքն է և սերունդներին միավորող հզոր ուժը։

Մարիամ Բաղդասարյան

12-րդ դասարան

Tweets by AybSchool
>