Հիշատակի ծառատունկ ու հուշ-երեկո տեղի ունեցան «Այբ» դպրոցում։ Նորատունկ դալար ծառերը կխորհրդանշեն «Այբ»-ի բարեկամներ, բարերարներ ու սիրելի մենտորներ Սամվել Դովլաթյանի և Վիկտոր Ակուլյանի մշտական ներկայությունն ու վառ հիշատակը «Այբ» համայնքի կյանքում։
Ծառատունկի արարողությանը օրհնության աղոթք հնչեցրեց Տ. Մեսրոպ քհն. Արամյանը։ Համայնքին ուղղված իր խոսքում տեր հայրը նշեց․ « Բնության հետ ներհյուսված նրանց յուրատեսակ ներկայությունն ենք ունենալու մեր կյանքում։ Կյանքը հավատք է, իսկ հավատքը անընդհատ ծաղկում և պտղաբերում է։ Սամվելը և Վիկտորը հավատացել են «Այբ»-ի գաղափարին, հավատացել են մարդու վերափոխման հրաշքին և միացել են կրթական շարժմանը»։ Տեր Մեսրոպն ընդգծեց, որ «Այբ»-ի գաղտնիքը մարդու վերափոխման մեջ է, մարդու կյանքի պայծառակերպման մեջ է.
«Այն Հայաստանը, որ երազել են Վիկտորն ու Սամվելը, տա՛ Աստված՝ մենք կարողանանք կերտել»:
«Այբ» դպրոցի բարերար, մենտոր Սարգիս Բադալյանն էլ իր խոսքում հավելեց․ ««Այբ»-ի ուժը նրանում է լինելու և կա, որ մենք հիշում ու գնահատում ենք մեր ընկերներին։ Մարդը մահանում է, երբ նրա մասին դադարում են հիշել։ Սամվելին ու Վիկտորին ամեն օր ենք հիշելու՝ աշակերտները, ուսուցիչները, շրջանավարտները»։
Հուշ-երեկոյին ներկա էին նաև Վիկտոր Ակուլյանի և Սամվել Դովլաթլանի սաները։ Նրանք հիշեցին սիրելի մենտորների խորհուրդները և թե ինչ ուշադիր և հոգատար էին իրենց սաների նկատմամբ։
Համայնքի անդամներն ու ընկերները վերահաստատեցին խոստումը, որ հիշելու ու իրար վերապատմելու ենք Վիկտոր Ակուլյան ու Սամվել Դովլաթյան մարդկային տեսակների, մասնագետների, բարերարների ներդրման, հավատի ու բարի գործերի մասին սերնդեսերունդ։
Թող Աստված լույս իջեցնի նրանց շիրիմներին և հոգիներին։
Կիսվել