«Այբ» ավագ դպրոցի աշակերտները «Թենի թայմ» կրթական ծրագրի շրջանակում հանդես եկան ուսուցչի դերում։ 11-րդ դասարանի աշակերտներ Լանա Մելիքյանը, Հասմիկ Հարությունյանը և 10-րդ դասարանցի Վահան Սարգսյանը դասեր անցկացրին սփյուռքի փոքրիկների համար։
Թեմատիկ դասընթացները վերաբերում էին Արցախին և արցախյան պատմամշակութային ժառանգությանը։ Աշակերտի դերում հանդես եկող երեխաներն առցանց ծրագրին միացել էին Արաբական Միացյալ էմիրություններից և Հարավային Կորեայից։
«Թենի թայմ» կրթական նախագծի հեղինակը Թենի Մաթիյանն է։ Այն առցանց հարթակ է, որի միջոցով տարբեր երկրներում բնակվող 3-11 տարեկան հայ երեխաներ հնարավորություն ունեն սովորելու հայկական մշակույթի և պատմության մասին։
«Այբ» դպրոցը սիրով միացել է ծրագրին՝ կարևորելով հայեցի կրթության տարածումն ու հայկական մշակույթի հանրահռչակումը սփյուռքյան գաղթօջախներում։
Կիսվել