«Այբ»-ի ուսուցչական պատվիրակությունը՝ Թբիլիսիի Բրիտանական միջազգային դպրոցում

«Այբ» դպրոցի տասնմեկ ուսուցիչներ այցելեցին Թբիլիսիի Բրիտանական միջազգային դպրոց (BIST): Այցի նպատակը երկու հաստատությունների միջև համագործակցության խթանումն ու կրթության ոլորտում լավագույն փորձի փոխանակումն էր: «Այբ»-ի պատվիրակության կազմում են տարբեր առարկաների ուսուցիչներ «Այբ»-ի բոլոր երեք բաղադրիչներից՝ տարրական, միջին և ավագ դպրոցներից, ինչպես նաև դպրոցի գրադարանավարը:

BIST-ը շահույթ չհետապնդող կրթական հաստատություն է, որն առաջարկում է ամբողջական կրթություն՝ կիրառելով Քեմբրիջի միջազգային հայտնի ծրագիրը: Որպես գրանցված Քեմբրիջի դպրոց և Բրիտանական միջազգային դպրոցների խորհրդի (COBIS) անդամ՝ BIST-ն ապահովում է կրթական բարձր չափանիշներ և տրամադրում խթանող ուսումնական միջավայր իր աշակերտների համար:

BIST-ի տնօրեն Ալեքսանդրա Բակհաուսի ուղեկցությամբ «Այբ»-ի անձնակազմի անդամներին սպասում էր լիարժեք աշխատանքային օր՝ հագեցած միջոցառումներով: Ուսուցիչները հնարավորություն ունեցան դիտելու դասերը, զրուցելու BIST-ի ուսուցիչների հետ, ուսումնասիրելու դպրոցի տարածքը և սովորելու նոր մեթոդներ:

Ողջ օրվա ընթացքում BIST-ի տնօրենն ու ուսուցիչները պատասխանեցին «Այբ»-ի ուսուցիչների հարցերին, որոնք վերաբերում էին տնային առաջադրանքներին, նախագծային ուսմանը, գնահատման մեթոդներին, հաշվետվությունների ներկայացման ընթացակարգերին և առօրյային՝ ներառյալ առավոտյան հանդիպումները, ճաշի ժամն ու ընդմիջումը:

Լավագույն փորձի փոխանակումը «Այբ»-ի և BIST-ի միջև կնպաստի երկու դպրոցների համագործակցության զարգացմանը՝ ավելի հարստացնելով նրանց աշակերտների կրթական փորձը:

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>