Մարկետինգը մեր օրերում․ դասընթաց ՆՈՒ աշակերտների համար

Սոցիալական ցանցերում ակտիվության ապահովումից մինչև արտադրանքի գովազդ ու գովազդային արշավներ․ ահա, թե ինչով են զբաղվում մարդկանց կարիքներն ու խնդիրները բացահայտող ու ստեղծված անհրաժեշտ արտադրանքը ճիշտ ձևով մատուցող մասնագետները՝ մարկետոլոգները։ Գրեթե բոլոր ոլորտներում իր անփոխարինելի տեղն ու դերը վայելող այս մասնագիտացումն ամենապահանջվածներից մեկն է, և մեզնից յուրաքանչյուրը պետք է ինչ-որ չափով պատկերացում ունենա այս ոլորտի մասին։

Մարկետոլոգ Տարոն Պապիկյանը «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության մասնակից աշակերտների համար անցկացրեց դասընթաց՝ նրանց ծանոթացնելով մարկետինգի ու SMM-ի մի շարք հնարքների ու հմտությունների։

Իսկ ի՞նչ է մարկետինգը և ի՞նչ փուլեր ունի։

Պատկերացնենք մի իրավիճակ, երբ որևէ կազմակերպություն որոշել է ստեղծել մարդկանց համար շատ պետքական մի արտադրանք։ Առաջին քայլով նախ պետք է կատարել ուսումնասիրություններ՝ հասկանալու համար մարդկանց կարիքները։ Ուսումնասիրությունն առհասարակ մարկետինգի ամենակարևոր բաղադրիչներից է։ Որոշ տվյալներ հավաքելուց և մարդկանց կարիքները բացահայտելուց հետո սկսվում է ապրանքի ստեղծման փուլը, որից հետո այդ արտադրանքն ինչ-որ կերպ պետք է ներկայացվի մարդկանց։

Ի՞նչ միջոցներ կիրառել, ինչպե՞ս ապրանքը մարդկանց մատուցել և հետաքրքրություն առաջացնել։

Ահա այն հարցերը, որոնց պատասխանները տրվում են մարկետոլոգների միջոցով։ Նրանք ուսումնասիրում են շուկան, մրցակից կազմակերպությունները, գտնում ստեղծարար ու տարբերվող լուծումներ, որոնք լավագույնս կապահովեն արտադրանքի տարածումը։ Այս շրջանում մասնագետները հաջողության են հասնում մեծապես հաղորդակցական հմտությունների շնորհիվ, ուստի դա ևս մարկետինգի կարևորագույն բաղադրիչներից է։

Մեր օրերում մարկետինգային առաջխաղացման լայն հնարավորություններ են ընձեռում համացանցն ու սոցկայքերը, քանի որ հիմնականում այս հարթակների միջոցով են մարդիկ ստանում տեղեկություն, և մարդկանց որևէ նոր բանի ծանոթացնելու լավագույն եղանակը սոցկայքերում այն ներկայացնելն է։

Պարոն Պապիկյանը խոսեց նաև սոցկայքերում առաջընթաց գրանցելու և հետևորդներին բավարարելու մասին, նշեց, որ հաջողության հասնելու լավագույն տարբերակներից մեկը մարդկանց նախապատրաստելն է, ինչը կարելի է անել էջերում պարբերաբար հրապարակումներ անելով և լսարանի համար ակտիվություն պահպանելով։

Նարե Կուրղինյան, 11-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>