«Տաղանդների շոու 2020». անվանակարգեր և հաղթողներ

«Այբ» ավագ դպրոցում տեղի ունեցավ «Տաղանդների շոու 2020» ամենամյա համերգային միջոցառումը։ Աշակերտները ներկայացան իրենց տպավորիչ ելույթներով՝ ցուցադրելով իրենց «թաքնված» տաղանդներն ու հաճելի ժամանց պարգևելով ողջ համայնքին։ «Այբ» համայնքի անդամներից կազմված ժյուրին մասնակիցներին մրցանակներ շնորհեց տարբեր անվանակարգերում։

«Բացարձակ հաղթող» անվանակարգում հաղթող ճանաչվեցին իններորդ դասարանի աշակերտները։ Հաջորդ անվանակարգը «Լավագույն տեխնիկական կատարումն» էր. սրանում հաղթողի կոչմանն արժանացան տասնմեկերորդ դասարանի աշակերտներից երկուսը՝ Գայանեն և Մանեն՝ հայ աղջկա պանդուխտին ճանապարհելու մասին երգի գեղեցիկ կատարմամբ։ Այս սերնդի աշակերտների մեկ այլ խմբի կողմից Գարիկ Պապոյանի երգի կատարումն էլ արժանացավ «Լուսավոր հեռանկար» անվանակարգում հաղթանակին։

Հասմիկի ասմունքը Թամարայի դաշնամուրի ելևէջների ներքո գրավեց բազմաթիվ ունկնդիրների սրտերը և արժանացավ «Լավագույն գեղարվեստական բեմադրություն» անվանակարգում հաղթանակին։

Հերթը հասավ տասներկուերորդ դասարանցիներին, որոնք իրենց ելույթներով նույնպես թույլ չտվեցին ժյուրիի անդամներին անտարբեր մնալ։ «Ամենաստեղծագործ և յուրահատուկ ելույթ»-ը Անի Ազնաուրյանինն էր, որն իր յուրօրինակ պարի բեմադրողն էր և ռիթմիկ պարով միանգամից դրական լիցքեր հաղորդեց հանդիսատեսին։ «Լավագույն բեմական կերպար» անվանակարգում հաղթող ճանաչված աշակերտների խումբը անմիջապես ուրախ իրարանցում ստեղծեց բեմի վրա. հանդիսատեսն ականատես եղավ սատանայի ուրվականների ու աղջկա աննախադեպ երաժշտական ներկայացմանը։ Արտամրցութային ծրագրով ելույթ ունեցան Դավիթ Զազյանն ու նրա խումբը, որոնք իրենց երաժշտական կատարմամբ ակտիվացրին հանդիսատեսին։

Անվանակարգային արդյունքներից անկախ՝ բոլոր աշակերտների ելույթներն էլ յուրովի հետաքրքիր էին, իսկ երեկոյի գեղեցիկ փակումն ապահովեցին բեմարվեստի խմբի աշակերտները՝ «Մկների ժողով» բեմադրությամբ։

Այսպես էլ ավարտվեց «Տաղանդների շոու 2020»-ը՝ նվիրելով «Այբ» համայնքին ևս մեկ դրական և անմոռանալի օր։

Հեղինակ՝ Նարե Սուքիասյան, 11-րդ դասարան

Լուսանկարները՝ Լանա Մելիքյանի, 10-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>