Տեղի ունեցավ ամենամյա Տաղանդների շոուն: Երեկոյի ընթացքում մեզ բախտ վիճակվեց ականատես լինելու մի շարք տպավորիչ ելույթների՝ աշակերտների ու աշխատակիցների մասնակցությամբ:
Տաղանդների շոուի բացումը ազդարարեց միջին դպրոցի աշակերտ Արտաշես Հովհաննիսյանն իր The Young Spirits խմբով: Խումբը կատարում էր իր հեղինակային երգը ռոքային ոճով ու արժանացավ «Լավագույն երիտասարդ կատարող» մրցանակին:
Հաջորդիվ ելույթ ունեցավ Եվա Հակոբյանը, ով նույնպես լինելով միջին դպրոցի աշակերտ՝ հանդիսատեսին նվիրեց դաշնամուրային կատարում Արամ Խաչատրյանի գլուխգործոցներից: Եվան այս կատարման համար ևս ճանաչվեց «Լավագույն երիտասարդ կատարող»:
«Այբ» դպրոցի աշխատակիցները նույնպես այս տարի հնարավորություն ունեին իրենց տաղանդն ի ցույց դնելու, և նման համարձակ քայլի գնաց ընդունելության բաժնի համակարգող Անի Հայրապետյանը կիթառի նվագակցությամբ և Միրեյ Մատյոյի «Bravo tu as gagné» երգով:
Համայնքի գծով տնօրեն Աննա Հակոբյանը և աշակերտ Աննա Մխիթարյանը միասին կատարեցին հանրահայտ Ջորջ Մայքլի «Careless Whisper» երգը և մեծ բավականություն փոխանցեցին հանդիսատեսին:
Այնուհետև Մայա Մելիքյանը Ալեքսանդր Բորոդինի «Պոլովցյան պարեր»-ի դաշնամուրային կատարում նվիրեց հանդիսատեսին: Մայան նույնպես արժանացավ «Լավագույն երիտասարդ կատարում» անվանակարգում հաղթանակի:
Արմինե Արշակյանը դաշնամուրով նվագեց Շոպենի «Վալսը»՝ մի պահ տեղափոխելով հանդիսատեսին միջնադարյան հեքիաթային աշխարհ:
11-րդ դասարանի աշակերտներ Արմինե Քեշիշյանն ու Կարինե Պապոյանը իբրև զուգերգ կատարեցին հանրաճանաչ ABBA խմբի երգերի պապուրի` խրախուսելով հանդիսատեսին միանալու իրենց երգերին և պարերին: Նրանք հաղթեցին «Լավագույն բեմական կերպար» անվանակարգում:
Վառ ելույթից հետո Արփինե Հաջյանը Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» կատարումով հաճելի մթնոլորտ սփռեց դահլիճով մեկ և հաղթեց «Լավագույն տեխնիկական կատարում» անվանակարգում:
Դպրոցի աշակերտներ Սամվել Քերոբյանը, Հարություն Քոչարյանն ու Մհեր Ենգիբարյանը խմբով կատարեցին Scorpions-ի «Still Loving You» երգը և ի ցույց դրեցին իրենց թե’ ձայնային, թե’ երաժշտական ունակությունները:
Մի շարք երաժշտական կատարումներից հետո 11-րդ դասարանի աշակերտ Լուիզա Մկրտումյանի իր հեղինակային պարային համարը կատարեց նուրբ և հուզիչ հայկական երաժշտության ներքո:
Դավիթ Ուստաբաշյանը, ով հաղթեց «Լավագույն գեղարվեստական բովանդակություն» անվանակարգում, ցնցեց դահլիճն իր թատերական հմտություններով՝ խաղալով Դեյվիդ Այվզի (David Ives) «Հատուկ տղան» (Особенный парень) մոնոներկայացումը ռուսերենով:
Երեկույթը եզրափակեցին Մալվինա Խաչատրյանն ու նրա խումբը իրենց հեղինակային էտյուդներով: Խումբը հաղթանակի արժանացավ «Լավագույն ստեղծագործ և ինքնատիպ» ելույթ անվանակարգում:
Էլ ի՞նչ այբական միջոցառում առանց ազգային պարերի: Ոչ մրցութային համարով ելույթ ունեցավ 11-րդ և 12-րդ դասարանցիների պարախումբը:
Այսպիսով՝ այս տարվա Տաղանդների շոուն ևս մեկ անգամ ապացուցեց, որ դպրոցի աշակերտներն ու աշխատակիցները ոչ միայն ակադեմիական դաշտում, այլև այլ ասպարեզներում բազմակողմանի զարգացած և տաղանդավոր են:
Աիդա Մանուկյան, 11-րդ դասարան
Կիսվել