Տաղանդների շոու 2022․ շնորհաշատ աշակերտները գրավեցին ժյուրիի ու հանդիսատեսի համակրանքը

«Մի՛ թաքցրեք ձեր տաղանդները, դրանք ստեղծվել են օգտագործման համար: Ի՞նչ է արևային ժամացույցը ստվերում»։

Բենջամին Ֆրանկլին

«Այբ»-ի տաղանդները քիչ չեն։ Չնայած մեր մեծ մասը զբաղված է ստուգողականների համար թեմաները կրկնելով կամ ԱԲ-ի քննություններին պատրաստվելով՝ «Տաղանդների շոու» միջոցառումն ապացուցեց, որ, այնուամենայնիվ, այբեցին միշտ էլ ժամանակ է գտնում իր տաղանդների զարգացման և ցուցադրման համար։ Նման տաղանդավոր աշակերտների 15 խումբ ներկայացավ «Տաղանդների շոու 2022-ին»՝ գրավելով թե՛ հանդիսատեսի, թե՛ ժյուրիի համակրանքը։

Համերգի բացումը կատարեց Collateral Damage խումբը, որը միանգամից գրավեց հանդիսատեսի ուշադրությունը և՛ իր ոճով, և՛ երգի ընտրությամբ։ Հանդեսի ընթացքում ելույթներից շատերն էին երաժշտական։ Աշակերտների մի խումբ հանդես եկավ System Of A Down խմբի «Question» երգով, 11-րդ դասարանցի Վահան Սարգսյանը նվագեց կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործություններից մեկը, Աննա Մխիթարյանը կատարեց սիրված «Stand Up» երգը, 12-րդ դասարանցիներ Աիդա Ավետիսյանն ու Նարեկ Հարությունյանը՝ Ռուբեն Հախվերդյանի «Դու ես իմ միակը» երգը, Մարիամ Գրիգորյանը ներկայացրեց հեղինակային դաշնամուրային ստեղծագործությունը, Վիկտորիա Ղազարյանը երգեց Sam Smith-ի «Writing's On The Wall» երգը, Էլինա Դանիելյանը՝ Արմինե Հայրապետյանի «Կամակոր սերը» երգը, Անդրե Վարդանյանը նվագեց հանրաճանաչ «Լոտուս Լենդ»-ը, որի համար հաղթեց «տեխնիկական կատարում» անվանակարգում։

Առանձնահատուկ ուշադրություն գրավեցին 11-րդ դասարանի աշակերտներ Նարեկ Դավթյանն ու Դավիթ Վանյանը, ովքեր կատարեցին Էմինեմի ռեփերից մեկը և հաղթեցին «հանդիսատեսի համակրանք» անվանակարգում։ Յուրահատուկ կերպով ներկայացան նաև 10-րդ դասարանի աշակերտներ Ալեքսանդրան, Կարինեն, Արմինեն ու Մալվինան՝ «Համիլթոն» մյուզիքլից մի հատվածի կատարմամբ՝ հաղթելով «Լավագույն ոճային կատարում» անվանակարգում։

Հանդիսատեսին և ժյուրիի անդամներին ներկայացեցին նաև 2 պարային համար։ 12-րդցի Քսենյա Մուրադյանը ոչ միայն ներկայացրեց հայկական ժողովրդական պար հայ կնոջ մասին, այլև իր պարով ցույց տվեց Եղեռնի տարիներին մի հայ կնոջ ճակատագիրը, ով գաղթի ճամփին կորցնում է իր երեխային, որի պատճառով խելագարվում է ու ինքնասպան լինում։ Իր կատարման համար Քսենյան արժանացավ «լավագույն գեղարվեստական բովանդակություն» անվանակարգում հաղթողի կոչմանը։ Պարային համարով հանդես եկան նաև Լուիզա և Անուշ Մկրտումյանները՝ հրաշալիորեն ներկայացնելով իսպանական մշակույթը։

Յուրօրինակ և տարբերվող ելույթներ ունեցան նաև 11-րդ դասարանցի Լուսինե Բաղդասարյանը և 12-րդ դասարանցի Նանե Ենգիբարյանը։ Լուսինեն գեղարվեստական մարմնամարզության համարով ոչ միայն ապշեցրեց ամբողջ դահլիճին, այլև հաղթեց «լավագույն բեմական կերպար» անվանակարգում։ Իսկ Նանեն դահլիճում՝ հանդիսատեսի դիմաց, նկարեց չինական լոտուս ծաղիկը՝ ներկայացնելով չինական նկարչությունը։ Նա էլ հաղթեց «ամենաստեղծագործ ելույթ» անվանակարգում։ Իսկ վերջում, երբ ժյուրին որոշում էր հաղթողներին, հանդես եկավ «Այբարը» «Իշխանաց» և «Ալաշկերտի քոչարի» պարերով։

Տաղանդների շոուն ևս մեկ անգամ ապացուցեց, որ քիչ չեն «Այբ»-ում տաղանդները, չնայած որ նրանցից շատերը դեռ բացահայտված չեն։

Ինա Գրիգորյան, 11-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>