«Այբ» դպրոցում տեղի ունեցավ ավանդույթ դարձած «Սպորտլանդիան» «Փյունիկ» հաշմանդամների միության շահառու երեխաների և «Այբ» միջին դպրոցի 7-9-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ։ Ամբողջ ընթացքը կազմակերպում և վերահսկում էին մարմնակրթության ուսուցիչները և սպորտային թիմի անդամները։
Միջոցառման սկզբում մասնակիցներից ձևավորվեց չորս թիմ։ Տեղի ունեցավ հինգ մրցախաղ, որից հետո հայտարարվեցին հաղթողները։ Էստաֆետային խաղերն ու արգելքները բազմազան էին՝ վազք, գնդակի նետումներ օղակի միջով, ցատկեր՝ ձեռքում բաժակի մեջ փոքր գնդակ պահելով, և շատ այլ փորձություններ։ Թիմի առաջընթացն ապահովելու համար անհրաժեշտ եղավ հաղթահարել այս բոլորը՝ հիմնվելով համագործակցության, փոխօգնության և միևնույն ժամանակ առողջ մրցակցային ոգին բարձր պահելու վրա։
Մրցելուն զուգահեռ՝ մասնակիցներին հաջողվեց դրական լիցքեր ստանալ ինչպես յուրատիպ մրցաձևերից, այդպես էլ ընկերական նոր շփումներից։
[Text Wrapping Break] Անկախ մրցակցությունից՝ դպրոցում տիրում էր համագործակցային շատ ջերմ մթնոլորտ։ Հանդիպումը ինչպես մրցույթի մասնակիցների, այնպես էլ կազմակերպիչների և կամավորների համար հագեցած էր հիշարժան պահերով ու հաճելի ծանոթություններով։ Այս հանդիպման նշանակությունը հսկայական էր բոլորիս համար, քանի որ մեկ անգամ ևս շեշտվեց պարզ մարդկային շփման մեջ բացության, հոգատարության, միմյանց նկատմամբ ուշադրության և հարգանքի կարևորությունը։ Հանդիպումն ավարտվեց ազատ, անկաշկանդ մթնոլորտում․ ավտոբուսներն արդեն սպասում էին աշակերտներին, իսկ գնդակների՝ մարզադահլիճից հնչող ձայները չէին դադարում։
Նարե Ավետիսյան, 11-րդ դասարան
Կիսվել