Սպորտը հանուն կայուն զարգացման, խաղաղության և առողջ հասարակության ձևավորման

Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ «Այբ» դպրոցում տեղի ունեցավ «Սպորտ և կայուն զարգացում» խորագրով թեմատիկ ասուլիս-քննարկում։ Միջոցառման նպատակն էր բարձրաձայնել սպորտի և առողջ ապրելակերպի կարևորության մասին, ներկայացնել դաշտի հիմնախնդիրներն ու դրանց լուծման համար ոլորտի ներկայացուցիչների և շահագրգիռ կողմերի միջև ստեղծել համագործակցության յուրահատուկ հարթակ։

Միջոցառումը նախաձեռնել էր «Մայլեռ Մանութայն Ռեզորթ» ընկերությունն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հայեցակարգի շրջանակում՝ կարևորելով սպորտի նոր մշակույթի ձևավորման, սպորտի ժողովրդականացման և առողջ ապրելակերպի տարածման անհրաժեշտությունը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանում UNICEF-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Արմեն Գրիգորյանը, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը, «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը, «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» նախագծի հիմնադիր, «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Հարությունյանը, սպորտի ոլորտի փորձագետներ, մարզաձևերի հանրապետական ֆեդերացիաների, մարզական կառույցների ներկայացուցիչներ, միությունների ղեկավարներ և ֆիզիկական դաստիարակության ծրագրերի իրագործմամբ զբաղվող այլ շահագրգիռ կողմեր։

«Այբ» դպրոցի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանն իր ելույթում կարևորեց սպորտի դերը որպես կրթության կարևոր բաղադրիչ դիտարկելու անհրաժեշտությունը. «Կրթության տեսանկյունից սպորտն անձի, առողջ հասարակության կերտման ամենակարևոր և ազնիվ գործիքներից մեկն է։ Մեր օրերում ժամանակակից երեխաների համար ամեն ինչ ավելի դինամիկ ու արագ է, նրանք կորցնում են երկարաժամկետ խնդիրների լուծման կարողությունը, և հենց այստեղ է առավել կարևորվում սպորտը, որը բնավորություն և տեսակ է ձևավորում։ Սպորտը պետք է լինի դաստիարակության առաջնային բաղադրիչներից մեկը»։

Հիմնական բանախոսների ելույթներից հետո հյուրերը՝ ֆեդերացիաների, մարզական տարբեր կառույցների ներկայացուցիչներ, ուղղեցին իրենց հուզող հարցերը և միասին քննարկեցին ապագայում հնարավոր համագործակցություններն ու նախաձեռնությունները։

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>