«Այբ» դպրոցի աշակերտները հաղթել են «Իսպանիան և ինքնավար համայնքները» միջազգային մրցույթում

Առաջին մասնակցություն և երեք մրցանակային տեղ․ «Այբ» դպրոցի աշակերտները Հայաստանը ներկայացրին «Իսպանիան և ինքնավար համայնքները» միջազգային մրցույթում։ Մրցույթի կազմակերպիչներն են Մոսկվայի Սերվանտեսի անվան համալսարանը, ՌԴ կրթության և գիտության նախարարությունը և ՌԴ-ում Իսպանիայի դեսպանությունը։ «Իսպանիան և ինքնավար մարզերը» միջազգային մրցույթին մասնակցում էին Ռուսաստանի տարբեր դպրոցներից աշակերտներ և Հայաստանից «Այբ» դպրոցի աշակերտները։

Տարբեր երկրներում գտնվող դպրոցներից, որտեղ ուսումնասիրում են իսպաներեն առարկան, ընտրվել էին խմբեր, և յուրաքանչյուրը մրցույթում պետք է ներկայացներ ինչ-որ երկիր։ «Այբ» դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանների իսպաներեն սովորող աշակերտներից կազմվեց 15 հոգանոց խումբ և ներկայացավ այս միջոցառմանը։ Աշակերտներին ուղղորդում էր իսպաներենի ուսուցչուհի Նունե Անտոնյանը, որի մասնակցությամբ ամբողջ թիմը որոշեց ընտրել Բասկերի երկիրը։ Համայնքի ներկայացման համար գրվեց սցենար, ընտրվեցին դերասաններ, և մեկ ամսից ավելի տևած աշխատանքներից հետո վերջապես պատրաստ եղավ ներկայացվելիք աշխատանքի ամբողջական տարբերակը, որն էլ ուղարկվեց կազմակերպիչներին, իսկ ապրիլի 16-ին կայացավ միջոցառումը։

Վերջնական տարբերակը պատրաստվել էր տեսանյութի տեսքով, որում կային տարբեր անիմացիաներ, փոքր բեմականացումներ և այլն։

Ամբողջական տարբերակը ներկայացվեց Zoom հարթակում տեղի ունեցած մրցույթում, որում տարբեր դպրոցներ ցուցադրեցին իրենց պատրաստած սահիկաշարերն ու տեսանյութերը։ «Այբ» դպրոցի աշակերտները մրցանակների արժանացան 3 անվանակարգում՝

Լավագույն սցենար,

Լավագույն խոհարարներ,

Լավագույն դերասանական խաղ՝ Գայանե Խաչատրյան։

Մրցույթի նպատակն է՝ խթանել իսպաներենի տարածումը որպես ուսումնասիրվող երկրորդ կամ երրորդ օտար լեզու, իսպաներենի ուսուցիչներին ավելի լայն ոլորտ տրամադրել՝ ուսանողների ձեռքբերումները ցույց տալու համար, բացահայտել և աջակցել տաղանդավոր դպրոցականներին, նպաստել Իսպանիայի լեզուն ու մշակույթը սովորելու ոգեշնչման ու հետաքրքրության աճին:

Դավիթ Ուստաբաշյան, 10-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>