Սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական և սիրիացի վարձկանների միացյալ ուժերը հարձակում գործեցին Արցախի Հանրապետության վրա։ Արցախի բնակչությունը՝ անչափահասից մինչև տարեց, օր ու գիշեր արթուն է դաժան թշնամու կիրառած արգելված զինամթերքի պայթյունների ահարկու ձայների և ահաբեկչական կատաղի հարձակումների մահացու վտանգի պատճառով։ Պատսպարվելով ապաստարաններում՝ նրանք, հույսն առ Աստված չկորցնելով, ամեն օր փորձում են հնարավորինս պաշտպանվել հարազատ քաղաքի փողոցների ու բնակարանների, հիվանդանոցների և նույնիսկ եկեղեցիների վրա տեղացող ռումբերի կործանիչ կարկուտից, երբ տան քաջ տղամարդիկ առաջնագծում կյանքի ու մահվան անտրտունջ կռիվ են մղում։ Թշնամին անմարդկայնորեն այրում է Արցախի կանաչ ու սաղարթախիտ անտառները՝ օգտագործելով խիստ թունավոր սպիտակ ֆոսֆորը, որը նույնպես արգելված զինատեսակ է։
Արցախում տեղի ունեցող հումանիտար աղետի, հանուն կյանքի ու ազատության պատերազմի մասին ի լուր աշխարհի պատմելու համար հայ անդամներով ամերիկյան ՍՕԱԴ (System Of A Down) ռոք խումբը 15 տարվա մեջ առաջին անգամ այս տարվա նոյեմբերի 6-ին թողարկեց հայոց բանակին ու հայ զինվորին նվիրված երկու նոր երգ՝ «They Prоtect The Land» և «Genocidal Humanoidz»:
Որպես պրոգրեսիվ ռոք երաժշտության ու մետալի մեծ սիրահար՝ նշեմ, որ ՍՕԱԴ-ի այս երկու երգերը բավական հաջողված են, քանի որ թե՛ գրավիչ և ազդեցիկ մետալային հնչողություն ունեն, թե՛ ճշմարիտ ու իմաստով լեցուն բառեր։ Ավելին՝ իրենց սոցիալական էջերում խմբի անդամները կոչ են անում ո՛չ միայն ներբեռնել նոր երգերը, այլև հանգանակություն անել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Երգերի վերնագրերի և դրանց կարճ բնութագրի կողքին «Թվիտերում» առկա է նաև Արցախի դարավոր պատմության վերաբերյալ մի երկարաշունչ պատմական ակնարկ։ Այն ուղերձը, որը խումբը հղում է աշխարհին՝ օգտագործելով իր երաժշտությունը, շատ նշանակալից և կարևոր է, քանի որ մեծ թվով արձագանք է ստացել։ Սա քաղաքական մի մանիֆեստ է՝ ուղղված բոլորին՝ թե՛ պետությունների ղեկավարներին, թե՛ միջազգային հանրությանը։
15 տարի շարունակ ՍՕԱԴ-ի՝ ամբողջ աշխարհով սփռված բազմահազար սիրահարները, որոնց մեջ կան նաև մեծ թվով հայեր, անհամբեր սպասում էին, որ մետալ խմբի անդամները վերամիավորվեն և թողարկեն նոր երգեր։ Խմբի հետևորդների համար ՍՕԱԴ-ի այս նոր երկու երգերն ուղղակի մի անսպասելի ու հրաշք իրողություն էին, հետևաբար լսարանի արձագանքը մեծ մասամբ շատ դրական էր, մասնավորապես «Թվիտեր» սոցիալական ցանցում։ Բացասական, վիրավորական և մեղադրական երանգ ունեին միայն ադրբեջանցի օգտատերերի արձագանքները, երբ հայերը շնորհակալություն էին հայտնում խմբի անդամներին, որ արցախյան մարտիկների ու մեկ ամսից ավել տևող ահավոր պատերազմի մասին երկու նոր երգերով իրազեկում են ամբողջ աշխարհին իրավիճակի իրական և հավաստի կողմի մասին։ Իսկ ինչ վերաբերում է արտասահմանյան հետևորդներին, ապա իրենց մեկնաբանություններում ոմանք գրում էին, որ երկու երգերն էլ ուղղակի աննկարագրելիորեն հրաշալի են, իսկ ոմանք էլ՝ խրախուսում ՍՕԱԴ-ի այսպիսի նշանակալից քայլն իրենց հայրենիքի համար։
ՍՕԱԴ-ի՝ որպես մեծ ճանաչում ու երկրպագուների հսկա բանակ ունեցող մետալ խմբի, կատարած աշխատանքը չափազանց կարևոր է, որ Արցախյան պատերազմի հարցը համաշխարհային ասպարեզում ավելացնի իր միջազգային նշանակությունն ու ճանաչումը։ Այս խճճված ժամանակները դժվար և մարտահրավերային են յուրաքանչյուրիս համար։ Այնուամենայնիվ, հայոց ազգն իր համար նմանօրինակ օրհասական իրավիճակներում ակնթարթորեն համախմբվելու և անբեկանելի մի հզոր բռունցք դառնալու անզուգական առանձնահատկություն ունի։ Ինչպես ասվում է, մեկ հայրենասեր մարտիկը տասը սովորական զինվոր արժե։ Պի՛նդ կացեք և առո՛ղջ եղեք։ Հաղթելո՛ւ ենք։
Մարիամ Գրիգորյան, 11-րդ դասարան
Կիսվել