Դարեր շարունակ գիրքն ուղեկցում է մարդուն, հարստացնում նրա հոգևոր աշխարհը, գիտելիքներ տալիս նրան։ Գիրքը մարդու բարեկամն է, նրա իմաստուն խորհրդատուն։ Գիրքը լույսի աղբյուր է և խավարի, հետամնացության թշնամին։
Այս մասին շատ հետաքրքիր խոսակցություն բացվեց հրատարակիչ, խմբագիր Գրիգորի Երիցյանի հետ մեր հանդիպման ժամանակ։ Մեր հյուրը ապրում և աշխատում է Ռուսաստանում, նրա ղեկավարած Слово հրատարակչությունը լույս է ընծայում գրքեր, որոնք մեծ պահանջարկ են վայելում ընթերցողների շրջանում։
Слово հրատարակչության հիմնադիր Գրիգորի Երիցյանը «Այբ» դպրոցին նվիրեց մանկապատանեկան դասական գրականության 50-հատորյակ։ Երեխաները մեծ ոգևորությամբ ու շնորհակալությամբ ընդունեցին նվերը, սկսեցին բացել և ուսումնասիրել պատկերազարդ, գեղեցիկ թերթերը։
Դպրոցի աշակերտները՝ հիմնականում 4-րդ և 5-րդ դասարանների սովորողներ, մեծ ոգևորությամբ ընդունեցին հյուրին և նրա ընտանիքին. ի դեպ, կինը նույնպես հրատարակիչ է։ Բնականաբար, զրույցի թեման գիրքն էր։ Նրանք աշակերտներին ներկայացրին իրենց մասնագիտությունը, գրքի կարևորությունը մարդու կյանքում, ինչպես նաև պատմություններ պատմեցին իրենց կյանքից։ Դրանք շատ հետաքրքիր և ուսանելի էին և ցույց էին տալիս, թե կյանքում ինչ հաջողությունների կարելի է հասնել տքնաջան աշխատանքի շնորհիվ։
Մինչ հանդիպումը երեխաները սեփական ձեռքերով փորձել էին կազմել գրքեր, որոնք ցույց տվեցին հյուրերին։ Գրիգորի Երիցյանը և նրա կինը շատ գոհ էին աշակերտների կատարած աշխատանքներից և հույս հայտնեցին, որ աշակերտները միշտ կսիրեն գիրքը և կդարձնեն իրենց կյանքի ուղեկիցը։ Հենց երեխաների պատրաստածի վրա Գրիգորի Երիցյանը ներկայացրեց գրքի հրատարակման բարդ գործընթացը։
Հանդիպման ժամանակ աշակերտները հյուրերին հարցեր տվեցին նաև ներկա ժամանակների, անցյալի և ապագայի մասին։ Հյուրերը ևս հարցեր ուղղեցին աշակերտներին, խորհուրդներ տվեցին, թե ինչպես ընտրել կյանքի ճիշտ ճանապարհը։ «Ապագան ձեր ձեռքերում է, և դուք ինքներդ պետք է կառուցեք այն»,— ասաց Գրիգորի Երիցյանը։ Դա հանդիպման մեծ դասն էր։
Մհեր Ենգիբարյան
10-րդ դասարան
Կիսվել