Տեղի ունեցավ «Այբ» դպրոցի աշակերտների կողմից սիրված և կարևոր նշանակություն ունեցող հանդիպումներից մեկը՝ «Այբ»-ի ներկայիս և «Այբ»-ն ավարտած ու բազում մարտահրավերներ հաղթահարած աշակերտների խորհրդատվական հանդիպումը մասնագիտական կողմնորոշման թեմայով։ Այն անցավ շատ բաց, ջերմ և այբական մթնոլորտում։ «էլ ումի՞ց պետք է դուք ստանաք խորհուրդներ և իրական փորձառություն, եթե ոչ՝ շրջանավարտներից»․ այսպես խոսեց համայնքի գծով տնօրեն Աննա Ակոպյանը՝ ընդգծելով այս հանդիպման կարևորությունը և անվանելով շրջանավարտներին «Այբ»-ի սիրտն ու տերերը։
Հանդիպմանը մեծ ոգևորությամբ էին մասնակցում թե՛ շրջանավարտները, թե՛ 8-12-րդ դասարանների աշակերտները։ Չէ՞ որ սա մեծ հնարավորություն էր շրջանավարտների համար «Այբ» վերադառնալու, դպրոցական հիշողությունները վերապրելու, իսկ ներկայիս աշակերտների համար՝ «Այբ»-ում մեծ ճանապարհ անցած շրջանավարտների հետ սերնդային կապն ապահովելու և ամրապնդելու։ Սրա մասին էին փաստում աշակերտներով լեցուն «Հայաստան» դահլիճը, նրանց հետաքրքրասեր և ուրախ դեմքերը, անընդհատ հնչող ծափահարությունները։ Միջոցառմանը մասնակցում էին նաև MIT-ից «Այբ» ժամանած, իրենց գիտելիքները կիսող և տարբեր առարկաների դասավանդման պրակտիկա անցնող 4 ուսանողները։
Հանդիպման առաջին հատվածում MIT-ի ուսանողներից մեկը ներկայացրեց իրենց համալսարանը մանրամասն և պատկերավոր՝ ընդգծելով դրա առավելությունները, որից հետո խոսափողը փոխանցվեց «Այբ»-ի շրջանավարտներին։ Նրանք մեկը մյուսի հետևից ներկայացրին իրենց ընտրած մասնագիտությունները և համալսարանները, որոնք շատ բազմազան ու հետաքրքիր էին։ Նրանք ներկայացնում էին տարբեր համալսարաններ՝ ՀԱՀ-ը, ԵՊՀ-ն, Հայաստանում ֆրանսիական համալսարանը, Հայաստանի ճարտարապետության և բժշկական համալսարանները։ 2020 թվականի շրջանավարտ Ալեքսը ներկայացնում էր ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո համալսարանը, իսկ 2019 թ. շրջանավարտ Վիկտորիան՝ միանգամից երկու բուհ։ Լոնդոնի համալսարանական քոլեջի կենսաքիմիայի և մոլեկուլային կենսաբանության բաժինն ավարտելուց հետո Վիկտորիան, չբավարարվելով միայն մեկ մասնագիտությամբ, ընդունվել է կոնսերվատորիա։ Բոլոր շրջանավարտները խոսեցին իրենց մասնագիտության մարտահրավերների, առավելությունների ու հետաքրքիր կողմերի մասին՝ մեծ նշանակություն տալով ամբողջ կրթական գործընթացում ինքնակրթվելուն։
Հանդիպման երկրորդ հատվածը տեղի ունեցավ ճաշարանում՝ ընկերական և հաճելի մթնոլորտում, թեյի սեղանի շուրջ, որտեղ աշակերտներն իրենց հուզող հարցերը տվեցին իրենց ավագ ընկերներին և ստացան բովանդակալից պատասխաններ։ Առանձին մի սեղան էր պատրաստվել նաև MIT-ի ուսանողների համար, որոնք ևս շատ մեծ պատասխանատվությամբ և հաճույքով էին պատասխանում այբեցիների հարցերին։
Այսպիսով՝ ավարտվեց ևս մեկ օգտաշատ ու կարևոր հանդիպում մասնագիտական կողմնորոշման հանդիպումների այն շարքից, որ մեկնարկել է դեռևս 2014 թվականին։
Մարիամ Բաղդասարյան, 10-րդ դասարան