Չորաթանի փոքրիկների համար «Այբ»-ում ցուցադրվեց ստվերների թատրոն

Նախագծային ուսումնառության «Ստվերների թատրոն» ակումբի աշակերտներով հյուրընկալեցինք Տավուշի մարզի Չորաթան գյուղի 6-րդ դասարանցիներին «Այբ» դպրոցում: Այս ջերմ հանդիպմանը մեր ակումբի անդամները շատ վաղուց էին սպասում, իսկ երեխաների հետ շփումից հասկացանք, որ նրանք էլ էին սրտատրոփ սպասել: Հետաքրքրաշարժ, բայց ամաչկոտ մեր հյուրերի հետ միասին նախ ծանոթացանք ու շրջեցինք դպրոցով, որտեղ երեխաներից յուրաքանչյուրը գտավ իր սիրելի անկյունը՝ իհարկե այդ ցանկում բաց չթողնելով սղարանները: Շրջայցի ընթացքում մեր ուսումնական կյանքից հետաքրքիր դրվագներ պատմեցինք՝ փորձելով այս փոքրիկների մեջ է՛լ ավելի մեծացնել կրթության հանդեպ սերը: Ապա հավաքվեցինք Գ մասնաշենքի մարզադահլիճում, որպեսզի վայելենք այս ուսումնական տարվա ընթացքում մեր ակումբի պատրաստած ներկայացումները:

Փոքրիկներին նախ ծանոթացրինք ստվերների թատրոնի պատմությանն ու տիկնիկների պատրաստման գործընթացին: Հետո սկսվեցին բուն ներկայացումները. երեխաների համար պատրաստել էինք 3 ներկայացում` 3-5 րոպե տևողությամբ։ Մթության և լույսի հակադրությամբ ստեղծված «ստվերները» մի քանի րոպեով կենդանացան ու հնարավորություն տվեցին մեր փոքրիկներին հետևելու ստվերների «կյանքին»:

Մեր հյուրերը ծանոթացան ոչ միայն չինական առասպելին՝ հասկանալով, թե ինչու է կարմիրը հաջողակ գույն համարվում, այլև լսեցին հունական դիցաբանության աստվածներին ու ծանոթացան բակտերիաների լայնածավալ գործունեությանը։

Ներկայացումից հետո շփումը մեր հյուրերի հետ շարունակվեց ավելի անմիջական միջավայրում. փոքրիկների հետ պատրաստեցինք նրանց սեփական ներկայացումները: Այս աշխատարանի ընթացքում մեր հյուրերը ըստ արդեն ընտրված պատմությունների պատրաստեցին իրենց տիկնիկները, խմբերով բեմադրեցին «Անհաղթ աքլորը» և «Սևուկ ուլիկ» հեքիաթները: Երեխաները աննկարագրելի հիացմունք ապրեցին, երբ արդեն բեմի հետևում իրենք էին գտնվում, և մեզ խոստացան, որ մեզ կհյուրընկալեն Չորաթանում ու այս անգամ արդեն մե՛նք կկարողանանք վայելել իրենց ներկայացումները:

Նախագիծն այսպես ամփոփելուց մեր ուրախությունը սահմաններ չուներ, քանի որ մեր հանդիսատեսները մարզից ժամանած կրտսեր դպրոցականներն էին, ու գիտակցում էինք, որ նրանց կյանքում մի լուսավոր ակնթարթ ենք ապահովել: «Ստվերների թատրոն» ակումբի ղեկավար Մարինե Դանիելյանի հետ մեծ եռանդով ու ջանասիրությամբ էինք բոլոր պատրաստությունները տեսել: Ուսումնական տարվա ընթացքում մեր ակումբը հիմնականում կենտրոնացել էր ներկայացումների սցենարների մշակման, թեմատիկ տիկնիկների պատրաստման տարբեր եղանակների հետազոտությունների վրա, ինչպես նաև համապատասխանեցրել կերպարների գործողությունները ձայնային և լուսային էֆեկտներին՝ պատրաստվելով վերջնական ներկայացումներին: Իսկ մյուս տարի նախատեսում ենք իրագործել մեր ակումբի մյուս նպատակը՝ իբրև շրջիկ թատրոն ներկայացումներ տալ՝ հնարավորություն տալով հատուկ խնդիրներ ունեցող երեխաներին ևս ներգրավվելու հասարակական կյանքում:

Նանե Ենգիբարյան, 12-րդ դասարան

«Ստվերների թատրոն» ակումբ


Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>