«Այբ» դպրոցի ծնողների շաբաթօրյակը դպրոցի հարակից տարածքում

«Այբ» դպրոցի ծնողներ Էդուարդ Հայրումյանը և Արման Հարությունյանը նախաձեռնել էին շաբաթօրյակ՝ մաքրելու Թբիլիսյան խճուղուց մինչև դպրոցն ընկած տարածքը։

Շաբաթօրյակի համար անհրաժեշտ պարագաները մեկտեղվեցին, ու մասնակիցներն աշխատանքները սկսեցին առավոտյան 7-ին։ Շաբաթօրյակը տևեց մինչև կեսօր ու իր շուրջ համախմբեց մոտ հինգ տասնյակ մարդու։

Էդուարդ Հայրումյանի և Արման Հարությունյանի նախաձեռնած շաբաթօրյակին մասնակցեցին «Այբ» դպրոցի ծնողական համայնքի ներկայացուցիչներ, ավագ դպրոցի աշակերտներ, աշխատակիցներ։ Շաբաթօրյակին միացել էին նաև Երևանի Արաբկիր վարչական շրջանի կանաչապատման աշխատակիցները։ Կենցաղային աղբից մաքրվել է ճանապարհի երկկողմանի հատվածը, բարեկարգվել են ծառերն ու թփերը, մաքրվել է խոտածածկ գոտին։

Դպրոցի և ծնողների այս համագործակցությունը ոգևորիչ և օրինակելի է։ Մեր ծնողները մեծապես ներգրավված են դպրոցի կյանքում, նախագծերում, ինչպես այս դեպքում։ Բազմաթիվ են օրինակները, որ «Այբ»-ի ծնողները նախաձեռնում և կյանքի են կոչում ոչ միայն համայնքային, այլև հանրային նշանակության նախագծեր։

Հոկտեմբերը «Այբ»-ում հոգատարության սկզբունքի ամիս է հայտարարված, և ծնողների նախաձեռնած շաբաթօրյակը դրա լավագույն օրինակն էր։

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>