Բարի գալուստ «Այբ»․ 12-րդցիները դիմավորեցին առաջին դասարանցիներին

Սեպտեմբերի 1-ն իր հետ բերեց մեկի համար առաջին, մյուսի համար դպրոցի վերջին զանգի ղողանջը։

Սեպտեմբերի 1՝ գիտելիքի օր, խնդուն մթնոլորտ, ծաղիկներ ու փուչիկներ, ժպիտներ ու արևներ։ Եվ այսպես՝ նախ դպրոց եկան 2-12-րդ դասարանների աշակերտները, և սկսվեց սեպտեմբերյան միջոցառումը։ Մեզ ողջունեցին դպրոցի տնօրենն ու հոգևոր առաջնորդը։ Այնուհետև տեղի ունեցավ դրոշի արարողությունը, որը մեծ կարևորություն ունի «Այբ» դպրոցում։ Բարձրացնելով Հայաստանի Հանրապետության, «Այբ» դպրոցի և համայնքի դրոշները՝ մենք՝ աշակերտներս, պարտավորվում ենք հավատարիմ մնալ «Այբ»-ի սկզբունքներին և դառնալ երկրի ապագայի հենասյուներից մեկը։

Դրոշի արարողությունից հետո տեղի ունեցավ հասարակական գործունեության թիմերում ակտիվություն և արդյունավետ աշխատանք ցուցաբերած աշակերտների պարգևատրումը։ Պատվոգրեր ստացան նաև այն աշակերտները, ովքեր վարքով և գործելակերպով համապատասխանել են «Այբ»-ի 8 սկզբունքներին։ Միջոցառման վերջում պարեցինք ավանդական թամզարա։

Գրկաբաց ընդունեցինք առաջին դասարանի աշակերտներին՝ օրվա մյուս հատվածում։ Ժպտուն աչուկներով ու պայծառ ժպիտով փոքրիկները երթով մտան «Այբ» դպրոց՝ մայրիկների ձեռքը բռնած։ Մանուկների համար բացահայտվում էր նոր աշխարհ։ Նրանց դիմավորում էին ավարտական դասարանի աշակերտներն ու ուսուցիչները։ Կրտսեր այբեցիներին բարի գալուստի խոսք ասացին 4 -րդ դասարանի աշակերտները։ Իսկ տասներկուերորդցիները վերապրեցին իրենց մանկությունը և մի պահ նորից մանկացան։ Երեխաների հետ վերհիշեցինք մեր անցած ճանապարհն ու մաղթեցինք նրանց բարի երթ դեպի գիտությունների աշխարհ։ Նրանք նույնպես դպրոց մուտքը տոնեցին մեծերի հետ թամզարա պարելով։

Նոր եռանդով լեցուն «Այբ» դպրոցում սկսվեց ուսումնական տարին 473 աշակերտով։ Այսպիսով՝ առաջին դասարան են ընդունվել 36 աշակերտ, ավագ դպրոց՝ 60 աշակերտ, որոնցից 23-ը «Այբ» հիմնական դպրոցից են փոխադրվել, 8-ը՝ Դիլիջանի կենտրոնական դպրոցից։ 29 աշակերտ ընդունվել է արտաքին ընդունելությամբ։ Ունեցել ենք նաև տեղերի համալրում միջին դպրոցում․ ընդունվել է 10 աշակերտ։

Արևիկ Մելիքյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>