Հանդիպում «Այբ»-ի՝ գիտությամբ զբաղվող  ուսուցիչների հետ

Նոյեմբերը «Այբ»-ում գիտությանը նվիրված ամիս է, և Գիտության համաշխարհային օրվա առթիվ տեղի ունեցավ հանդիպում մեր ուսուցիչներից մի քանիսի հետ, ովքեր գիտական ակտիվ գործունեություն են ծավալում: Ճիշտ է, մենք բավականաչափ լավ գիտենք մեր ուսուցիչներին, այնուամենայնիվ, հանդիպման ընթացքում աշակերտները ճանաչեցին նաև նրանց հետաքրքրություններն ու արտադպրոցական գիտական գործունեությունը: Աշակերտները ծանոթացան կենսաբանական գիտությունների թեկնածուներ Զարուհի Կարապետյանի և Արսեն Քիշմիրյանի, քիմիական գիտությունների թեկնածու Լիլիթ Համբարձումյանի, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Հովսեփ Առաքելյանի հետազոտական աշխատանքներին գիտության բնագավառում:

Զարուհի Կարապետյանը պատմեց, որ ուսուցիչ դառնալը ստացվել է պատահական, իսկ գիտնական՝ ինքնաբերաբար՝ ծնվել է գիտնականների ընտանիքում: Նա հարց ուղղեց լսարանին. «Ի՞նչ է հյուսվածքային ինժեներիան», աշակերտներից ոմանք պատասխանեցին, որ դա մարդու հյուսվածքների ուսումնասիրումն է կամ արհեստական մաշկի ստեղծումը: Հենց այս գիտական բնագավառում է աշխատում Զարուհի Կարաբեկյանը։ Աշակերտները նույնպես հարցեր տվեցին, օրինակ՝ արդյոք գիտությունը մարդու կյանքը երկարացնելու նպատակ ունի՞. պատասխանը եղավ. «Հետագայում՝ վստահաբար այո՛»: Իմացանք նաև, որ հյուսվածքների գոյատևման համար անհրաժեշտ են սկաֆոլդներ, բջիջներ և ազդակային մոլեկուլներ: Գիտության այս ճյուղի նվաճումները կօգնեն փոխարինելու մարդու վնասված հյուսվածքները, և այդ դեպքում մարդը միգուցե կկարողանա ապրել ոչ թե 80-100 տարի, այլ 120-150:

Կենսաբանությունից մեղմ անցում կատարեցինք քիմիայի աշխարհ, և Լիլիթ Համբարձումյանը աշակերտներին ներկայացրեց իր հետազոտությունները խինոլինների սինթեզի մասին: Հասկացանք, որ խինոլիններն օգտագործվում են դեղագործության բնագավառում. դրանք ունեն գեղեցիկ հատկություն՝ կարող են լուսարձակել ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից, կարող են օգտագործվել բժշկության և դիոդների պատրաստման մեջ: Հարց եղավ, թե ինչպե՞ս են հայտնաբերվում և անվանվում նոր նյութերը, պատասխանն էր՝ կատարվում են փորձեր, և ըստ նյութի կառուցվածքի և հատկությունների՝ նյութին անվանում են տալիս: Ուսուցիչը նաև խորհուրդ տվեց ընդունվել գիտական ֆակուլտետներ՝ կյանքն ավելի հետաքրքիր դարձնելու համար:

Մի փոքր ուշ ուսուցիչներին միացավ նաև ընկեր Հովսեփը, ով պատմեց իր հետազոտականաշխատանքի մասին՝ էլեկտրամագնիսական ալիքների տարածման ուսումնասիրության բնագավառում: Պարզվում է՝ էլեկտրամագնիսական ալիքները շրջելի չեն, և դրանց տարածման արագությունները փոփոխվում են՝ կախված ուղղությունից, տարբերվում են նաև բևեռացման հատկությունները և անդրադարձման անկյունը: Այս հատկությունը կարող է օգտագործվել կուրացնող էֆեկտը մեղմելու նպատակով՝ հատուկ ակնոց պատրաստելու միջոցով:

Հանդիպման վերջում ներկայացավ Արսեն Քիշմիրյանը, որի թիմն ուսումնասիրում է կենդանական ծագման թույներ, այս պահին՝ օձերի թույնը: Աշխատանք է կատարվում մարդու համար հակաթույների ստեղծման բնագավառում: Հայաստանում բոլոր օձերից ընդամենը 4 տեսակն են թունավոր: Պարզվում է՝ թույնը միայն մեկ նյութ չէ, այլ մի քանի քիմիական նյութերի ամբողջություն, կոբրայի թույնն էլ ունի նյութ, որը կաթվածահարում է մարդուն: Աշակերտներին հետաքրքիր էր, թե ինչ գործոններ կարող են ազդել թույնի տարածմանը: Հասկացանք, որ թույնի ազդեցությունն ավելի շատ կախված է խայթի տեղից, քիչ ազդեցություն ունի մարդու իմունային համակարգը, և ընդհանրապես կապ չունի մարդու հասակը: Իսկ ինչպե՞ս են ստանում հակաթույն: Օձը խայթում է ոչխարին, նրա արյունից վերցնում են շիճուկը, և հակաթույնի գնահատումը կատարվում է ոչ թե մարդու, այլ մկների կամ առնետների ուսումնասիրության հիման վրա: Մեկ այլ հարց ևս տրվեց. արդյո՞ք առաջին օգնության մեթոդ կարող է լինել թույնի արտածծումը: Իմացանք, որ թույնը չունի որևէ ազդեցություն, եթե ընկնում է մաշկի վրա, ուստի կարևոր է, որ այն չանցնի արյան մեջ, այսինքն՝ եթե օգնություն ցուցաբերողը բերանի խոռոչում և ստամոքսում չունենա ճաքեր, այդպիսի օգնությունը կլինի արդյունավետ:

Էլեն Նուրիջանյան, 10-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>