Ի՞նչ է«սաTurn»-ը․ այբեցիների կրթատիեզերական նախագիծը

Տիեզերական ճանապարհորդություն կրթության առանցքի շուրջ։ «սաTurn» նախագիծը նոր կրթական հարթակ է, որն առաջարկում է այլընտրանքային և ինտերակտիվ ուսումնական գործընթաց ինքնակրթությամբ զբաղվել սիրող և մասնագիտական կրթությունը հարստացնել ցանկացող ուսանողների և աշակերտների համար։ «Այբ» ավագ դպրոցի աշակերտները և շրջանավարտները «սաTurn» կրթական ծրագրի հիմքում են։

«Մի նախագծի շրջանակում մենք պետք է ընտրեինք որևէ խնդիր, ն և փորձեինք առաջարկել հիմնավոր լուծում»,- պատմում է «սաTurn»-ի համահիմնադիր Գայանե Այդինյանը,- «Քանի որ Հայաստանում խնդիրները մեկը մյուսին չեն զիջում առաջնահերթությամբ, որոշվեց անդրադառնալ ամենակարևորին՝ այդ բոլոր խնդիրների ակունքին՝ կրթությանը։ Համոզված լինելով, որ կրթության իրական պատկերին առավելապես ծանոթ են աշակերտները ՝ հենց մի քանի աշակերտների ջանքերով էլ ստեղծվեց կրթատիեզերական «սաTurn»-ը»։

«սաTurn»-ը աշխատելու է մի քանի ուղղություններով և ստեղծելու է հարթակ, որտեղ հնարավոր կլինի գտնել ամեն ինչ կրթության մասին՝ թեմատիկ առցանց դասընթացների ստեղծումից մինչև գրքերի քննարկումներ, հանդիպումներ արտասահմանցի ուսանող/աշակերտների հետ (և ոչ միայն), զրուցարաններ, զարգացնող խաղեր ու հավելվածներ։

«սաTurn» ի առաքելությունը հայալեզու կրթական պաշարների համալրումն է։ Այս ուղղությամբ աշխատանքների առաջին փուլն արդեն սկսվել է, որի ընթացքում հայերեն թարգմանվում են նյութեր գործարարության հիմունքներից, կենսաբանությունից, փիլիսոփայությունից, մտածելու հմտություններից և ՏՀՏ-ից։ Առարկաները ընտրվել են սատուրնեցիների ներքին քվեարկությամբ։ «սաTurn» ը ինքնակազմակերպվող կառույց է՝ իր տարբեր թիմերով․ ՏՀՏ թիմը զբաղվում է «սաTurn»-ի կայքի պատրաստման աշխատանքներով, մարքեթինգի թիմը աշխատում է սոցիալական ցանցերով «սաTurn»-ի գովազդի և տարածման վրա, իրավաբանական թիմը աշխատում է «սաTurn» ը՝ որպես ՀԿ, գրանցելու ուղղությամբ, իսկ հարցազրույցի թիմը հարյուրի հասնող դիմումներից ընտրում է նոր «սաTurnեցիներին»։

Նախաձեռնության անվան ընտրությունը կապված է հիմնադիրների՝ տիեզերքի հանդեպ սիրո հետ։Մոլորակներից ամենահարմարը եղել է Սատուրնի, քանի որ ձևափոխվում էր «ՍաTurn»-ի։ «ՍաTurn» անվանումը բաղկացած է 2 մասից՝հայերեն «սա»՝ «այս» և անգլերեն «turn»՝ շրջադարձ բառերից։ Այսինքն՝ «ՍաTurn»-ը մեր ՝երիտասարդության բերած շրջադարձն է կրթության ոլորտում։

«ՍաTurn»-ին կարող եք հետևել Facebook-ով,Instagram-ով, TikTok-ով,LinkedIn-ով, YouTube-ով և Telegram-ով։

Վահե Դաբաղյան, «Այբ» դպրոցի շրջանավարտ

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>