Շրջանավարտ Սարգիս Սիմոնյանը՝ փորձնակության դրական կողմերի մասին

2021 թվականի շրջանավարտ Սարգիս Սիմոնյանը պատմում է աշխատանքի փորձնակության իր փորձի մասին։ Ամեն տարի «Այբ» ավագ դպրոցն իր աշակերտների, շրջանավարտների, այս տարի նաև «Այբ հիբրիդային կրթություն» ծրագրի մասնակիցների համար անցկացնում է «Սովորում եմ աշխատելով» փորձնակության տոնավաճառը (Ayb Internship Fair)։

***

Գաղտնիք չէ, որ փորձնակությունը զգալի նպաստում է մասնագիտական ու ընդհանուր զարգացածությանը։ Սակայն այն է'լ ավելի կարևոր ու որոշիչ է դպրոցական տարիքում։

Առաջին փորձնակությունս անցել եմ դեռ 10-րդ դասարանում «ԴիջիԼաբ» (DigiLab) սոցմեդիա մարկենտինգային ընկերությունում։

Անձամբ լինելով այս և այլ կազմակերպությունների փորձնակ՝ կներկայացնեմ մի քանի կետով, թե ինչու է ավագ դպրոցական կրթության մեջ փորձնակությունն առանցքային։

  • Փորձնակություն անցնելով՝ սովորում ես ճիշտ շփվել տվյալ ոլորտի մասնագետների հետ, ձևավորում պաշտոնական իրավիճակներում ճիշտ վարվեցողության հիմունքներ։
  • Սովորում ես պատասխանատվություն ստանձնել քեզ հանձնարարված որևէ գործ իրականացնելիս։ Դպրոցական աշխատանքը սահմանափակվում է միայն տնային ու դասարանային հանձնարարություններով․ դրանք պատշաճ չավարտելու պարագայում տուժում են քո՛ իսկ աշխատանքն ու գնահատականը։ Իսկ փորձնակության ժամանակ պատասխանատվություն կրում ես նաև թիմիդ և ընկերության համար, իսկ, անձամբ իմ դեպքում, նաև այն ընկերության համար, որին մարկետինգային ծառայություն էի մատուցում։ Մի խոսքով՝ շատ ավելի մեծ է պատասխանատվության զգացումը․ այս ճանապարհն անցնելիս նման վերաբերմունք ձևավորում ես նաև այլ երևույթների նկատմամբ, իսկ պատասխանատվությունը գովելի ու պարտադիր է ցանկացած իրավիճակում։
  • Ձեռք ես բերում մասնագիտական գիտելիքներ ու ծանոթանում ոլորտի խնդիրներին, «ծակ ու ծուկին»։ Դպրոցական տարիքում ապագա մասնագիտություն ընտրելու համար փորձնակությունը պարտադիր չէ (թեպետ ցանկալի է)։ SMM-ն ինձ համար երբեք չի եղել աշխատանքի ցանկալի ոլորտ, սակայն ես մեծ հետաքրքրություն եմ ունեցել և ունեմ տնտեսագիտության ու բիզնես ոլորտի (միկրո տնտեսագիտության) նկատմամբ։ Փորձնակությանս շրջանում առնչվել եմ շատ գործարարների ու բիզնեսների հետ ու ըստ այդմ ձևավորել որոշակի պատկերացում ոլորտի վերաբերյալ։ Բացի դրանից, մարկետինգային որոշ գործիքներին ծանոթ լինելն օգնել է ինձ ավելի առողջ հայացքով նայելու սոցիալական ցանցերում տարվող գովազդներին, անգամ տարատեսակ քարոզչությանը։ Փորձնակությամբ ստացված ցանկացած գիտելիք կամ ունի մասնագիտական երանգ, կամ որևէ կերպ օգտակար է ընդհանուր զարգացածության համար։
  • Եթե վերհիշենք առաջին կետը, ապա փորձնակություն անցնելիս ձեռք ես բերում մի շարք ծանոթներ, որոնց հետ կապը ճիշտ պահելու դեպքում մի օր կհամագործակցես նրանց հետ կամ կունենաս մասնագիտական շփման այլ առիթ։
  • Ձեռք ես բերում աշխատանքային փորձ (ինչն անգամ համալսարանական տարիքում շատերին դժվարությամբ է հաջողվում), սովորում ես լինել ավելի արդյունավետ և համատեղել դասերն ու աշխատանքը։

Սրանք են փորձնակության իմ առանձնացրած դրական կողմերը։ Համոզված եմ՝ հաջող փորձնակություն անցնելու դեպքում կարող ես բացահայտել քեզ համար նաև նոր կողմեր։

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>