«Այբ» դպրոցի աշակերտները Սալոնիկում

Ապրիլի 18-21-ը «Այբ» դպրոցի աշակերտները համայնքի գծով տնօրեն Աննա Ակոպյանի գլխավորությամբ և ուսուցիչ Դերենիկ Դանիելյանի ուղեկցությամբ Հունաստանում էին՝ որպես պատվավոր հյուրեր մասնակցելու Սալոնիկի «Անատոլիա» քոլեջի գիտական կենտրոնի կողմից կազմակերպվող ամենամյա ACSTAC երկօրյա կոնֆերանսին։ Մեր աշակերտները՝ Ռոբերտ Բեգլարյանը, Սոֆիա Արամյանը, Մարիաննա Աթայանը և Սամվել Քերոբյանը, ներկայացրին «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության՝ ամենատարբեր հարթակներում մրցանակներ ստացած «Կանաչ քիմիա» և Ինժեներական ակումբների նախագծերը և դրանց արդյունքները։ Թիմերն արժանացան պատվոգրերի և հրավեր ստացան մասնակցելու հաջորդ տարի Սալոնիկում կայանալիք միջազգային գիտական մրցաշարին:

«Անատոլիա» քոլեջը, որը խորապես կապված է հայ համայնքի և կրոնական ժառանգության հետ, հիմնադրվել է 1886 թվականին Արևմտյան Հայաստանի Մարզվան քաղաքում (այժմ՝ Մերզիֆոն, Ամասիա, Թուրքիա), ապա փակվել Ցեղասպանության տարիներին և վերաբացվել Հունաստանում 2-րդ համաշխարհային պատերազմից հետո: Մեր աշակերտները ծանոթացան դպրոցին ու նրա պատմությանը, ինչպես նաև հյուրընկալվեցին հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցում Սալոնիկում Հայաստանի պատվո հյուպատոս պրն Ակիս Դագազյանի և տեր Եղիայի կողմից: Այցն ամփոփեցին հայկական եկեղեցում մասնակցելով սուրբ Պատարագին:

Աշակերտները հյուրընկալվել էին դպրոցի աշակերտների հայ և հունական ընտանիքներում, ինչը հիանալի հնարավորություն էր մշակութային փորձի փոխանակման, նոր ընկերներ ձեռք բերելու և համայնքների միջև կապերը ամրապնդելու համար։

Շատ ոգևորիչ է ունենալ կրթությանն աջակցող գործընկերներ: Շնորհակալություն ենք հայտնում Հունաստանում Հայաստանի դեսպանությանը և Սալոնիկում ՀՀ պատվավոր հյուպատոս պարոն Ակիս Դագազյանին, ով մեծ աջակցություն է ցուցաբերել մեր պատվիրակության այցը Հունաստան կազմակերպելու և ընթացիկ այլ հարցերում, ինչպես նաև իր անմիջական ներկայությամբ ոգևորել մեր աշակերտներին իրենց նախագծերը ներկայացնելու ընթացքում:

Tweets by AybSchool
>