«Այբ» դպրոցի համահիմնադիր, գործադիր տնօրեն և «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը դարձել է «Rybakov Prize 2020»-ի դափնեկիր։
Փետրվարի 1-ին և 2-ին նա Մոսկվայում մասնակցել է մրցանակի գալա միջոցառումներին և բուն մրցանակաբաշխությանը։ Ribakov Prize 2020-ի կազմկոմիտեն այս տարի ստացել է հարյուրավոր հայտեր ամբողջ աշխարհից։ Եզրափակիչ են անցել և դափնեկիր ճանաչվել 16 անձ, այդ թվում՝ «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն և «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը։
Ribakov Prize 2020-ի գլխավոր մրցանակին` 1 մլն ԱՄՆ դոլարի չափով, արժանացել է Աբդուլ Աբդուլքերիմովը, որը Luminary կենտրոնի հիմնադիրն է։ Այն բաց է Դաղստանի Խրյուգ բարձրադիր շրջանի և հարակից գյուղերում բնակվող բոլոր երեխաների համար։ Աբդուլ Աբդուլքերիմովը մի շարք ձեռնարկատերերի համայնքի հետ համատեղ նպատակադրվել է առաջիկա 5 տարվա ընթացքում բացել ևս 50 Luminary կենտրոն։
Եվս 2 դափնեկիր ստացել է մրցանակ 100 000 ԱՄՆ դոլարի չափով՝ Բորիս Բուլաևը ԱՄՆ-ից և Օլգա Զուբկովան Պերմից։
«Նման մրցանակի դափնեկիրների շարքում լինելը մեծագույն պատիվ է ինձ համար։ Անկախ նրանից, որ չեմ արժանացել գլխավոր մրցանակին, ուժերի հսկայական ներհոքս եմ զգում, որն անգնահատելի է։ Ես այստեղ նոր ընկերներ ու նոր կապեր ձեռք բերեցի։ Վստահ եմ, որ միասին նոր ու նշանակալի գործեր ենք ձեռնարկելու ու մեր երկրների կրթական գործակցությունը հասցնելու ենք նոր բարձունքների», - մրցանակաբաշխությունից հետո իր տպավորությունները կիսեց Արամ Փախչանյանը։
«Ռիբակով» միջազգային մրցանակը հիմնադրել են 2019 թվականին Եկատերինա և Իգոր Ռիբակովները, որոնք «Ռիբակով» բարեգործական հիմնադրամի համահիմնադիրներն են։ Հիմնադրամի նպատակն է որակյալ կրթությունը հասանելի դարձնել բոլորին։ Գլխավոր մրցանակը՝ 1 մլն ԱՄՆ դոլար, յուրաքանչյուր տարի շնորհվելու է այն ձեռնարկատերերին, բարերարներին և ներդրողներին, ովքեր դերակատարում են ունեցել նախադպրոցական և դպրոցական կրթության ոլորտում նորարարությունների ներդրման գործում: Մրցանակակիր կարող է դառնալ այն անհատը, որը սեփական ժամանակը, միջոցներն ու գիտելիքները ներդրել է զարգացնելու սոցիալական ու կրթական միջավայրն իր գյուղում, քաղաքում, երկրում ու աշխարհում։
Կիսվել