Ինչպես շատերի, այնպես էլ իմ կյանքում համավարակը թե՛ լավ և թե՛ վատ ազդեցություններ է ունեցել։ Լավատես լինելով՝ կցանկանամ ներկայացնել միայն մեր՝ աշակերտներիս առօրյայի, ինչպես նաև աշխարհայացքի վրա համավարակով պայմանավորված դրական փոփոխությունները։
Նախ, վերջին մի քանի ամիսներն օգնեցին մեզ վերարժևորել մեր վերաբերմունքը կրթության հանդեպ։ Իրավիճակը դրդեց մեզ հասկանալու կրթության՝ որպես աշխարհն առաջ մղող հիմնական ուժի կարևորությունը։ Ստեղծված դժվարին պայմաններում «Այբ»-ն իր օգնությունը տրամադրեց մեզ՝ բարձր մակարդակի կրթություն ապահովելով։Միասին մենք սովորեցինք սովորել և, իհարկե,թիմերով աշխատել նախագծերի շուրջ՝ անկախ ստեղծված իրավիճակից։
Մյուս կողմից՝ մենք կարողացանք բացահայտել մի շարք առցանց հարթակներ ու գործիքներ, որոնք ուսումն ավելի հետաքրքիր և միաժամանակ ավելի արդյունավետ դարձրին։ Ժամանակը և ուսուցիչների ու աշխատակիցների ճկունությունը ցույց տվեցին, որ հնարավոր է ստեղծել «առցանց դասասենյակ»՝ բազում հնարավորություններով, ճշգրիտ ու հասանելի ռեսուրսներով։
Հեռավար ուսուցման ընթացքում ակադեմիական գիտելիքներ ստանալուն մեկտեղ իմ և մի շարք այբեցիների սրտում աճում էր դպրոցում տիրող ջերմ միջավայրի հանդեպ կարոտը։ Նման պայմաններում կյանքի գլխավոր ձեռքբերումներից մեկի՝ ընկերների պակասը ամենաշատն էր զգացնել տալիս։ Ճաշարանում միասին սնվելուց, կատակներ անելուց, դահլիճում բարձերով կռվելուց ստացած էմոցիաները բավականին դժվար է լրացնելը «համաշխարհային սարդոստայնի ճեղքերում»։ Բայց կարևոր է նշել, որ ընդհատվեց միայն իմ ու ընկերներիս կենդանի շփումը․ մենք շարունակեցինք աջակցել միմյանց և չկորցնել մեր համայնքի միասնականությունը։ Այս ամենի արդյունքում մենք ձեռք բերեցինք ահռելի մեծ փորձ, ինչպես նաև կարևոր հմտություններ, որոնք, վստահ եմ, կգործածենք նաև ապագայում։
Ստեղծված իրավիճակը ևս մեկ ապացույց էր այն բանի, որ մենք Երկրի միակ բնակիչները չենք:Անկարելի է աչք փակել այլ ազգերի, կենսամիջավայրի մյուս բաղադրիչների վրա և անուշադրության մատնել նրանց սպառնացող վտանգները։ Պետք է կրել սոցիալական պատասխանատվություն և միավորվել համընդհանուր թշնամու՝ այս դեպքում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար։
Հիմա աշխարհը շարունակում է առաջ շարժվել՝ մեր առջև բացելով նոր դռներ։ Մեզնից յուրաքանչյուրը կարող է իր ներդրումն ունենալ մեր հասարակության ապահովության, ինչպես նաև կրթվածության մեջ։ Ապագան կերտելու հերթը մերն է՝ իմն ու քոնը։ Էլ ու՞մ ենք սպասում։ Անցնենք գործի շուտով․․․
Ռուզաննա Քարամյան, 11-րդ դասարան
Կիսվել