Ռուսերենի քուեստ և բրեյն-ռինգ

«Այբ» դպրոցի 10-րդ դասարանի աշակերտների առօրյան լցնելու, ուրախ ժամանակ անցկացնել ու կարդացած գրքերը վերհիշել տալու համար ռուսերենի ուսուցիչները կազմակերպեցին խաղ-քուեստ։ Այն լի էր բազմաթիվ անակնկալներով, հետաքրքիր շրջադարձներով և աննկարագրելի զգացումներով։ Այն հիանալի հնարավորություն էր այս տարվա ընթացքում ռուսերեն առարկայի շրջանակում ստացած գիտելիքներն ամրապնդելու և ևս մեկ անգամ համոզվելու համար, որ սովորելով մեր առջև բացվում են բոլոր հանելուկների, քուեստների ու առեղծվածների պատասխանները։

Աշակերտները նախ բաժանվեցին 2 մեծ խմբերի, ապա, հետևելով ուսուցիչների հրահանգներին, ստացան ուղղորդումներով թերթիկներ, որոնց օգնությամբ կկարողանային առաջ գնալ և քայլ առ քայլ մոտենալ հաղթանակին։ Երբ ամեն ինչ պարզ էր, կանոններն էլ՝ բացատրված, ժամանակն էր սկսելու այդքան սպասված խաղը։ Աշակերտների առաջին խումբը քուեստի պատասխանները պետք է փնտրեր դպրոցի Ա մասնաշենքում և դրսում, իսկ երկրորդ խումբը՝ Գ մասնաշենքում և դրա հարակից տարածքում։ Քուեստի ամեն մի անցնող րոպեի հետ աշակերտների միջև մրցակցությունը էլ ավելի էր մեծանում, ինչի հետևանքով ավելանում էր նաև հաղթելու և մրցակից թիմից ևս մի քայլով առաջ անցնելու ցանկությունը։ Խմբերում յուրաքանչյուր աշակերտ գիտեր իր հստակ անելիքը, թիմը գործում էր արագ, վստահ և տրամաբանված։ Դպրոցում մի իսկական իրարանցում էր։ Արդար և քրտնաջան պայքարից հետո 2 թիմերն էլ հասան իրենց վերջնական նպատակին և գտան անակնկալ զամբյուղները։ Զամբյուղներում աշակերտների նկարներն էին հետաքրքիր ձևավորմամբ. բոլորը հաճելիորեն զարմացած էին, քանի որ ոչ ոք չէր սպասում նման անակնկալի։

Այս ամենը եզրափակվեց քաղցր ու համեղ հյուրասիրությամբ։ Ուսուցիչները կազմակերպել էին ռուսական ավանդական ուտելիքներով թեյախմություն։ Բոլորն ուրախ էին, տպավորված և գոհ՝ արդյունավետ ու հետաքրքիր օրվանից։ Նրանք զրուցում էին, լիաթոք ծիծաղում և թեյ խմում. տիրում էր «Այբ» դպրոցին բնորոշ ընկերական և ջերմ մթնոլորտ։

Բրեյն-ռինգ

Ռուսաց լեզվի առարկայախմբի ուսուցիչները կազմակերպել էին նաև ինտելեկտուալ խաղ-բրեյնռինգ, որի մասնակիցները տասնմեկերորդ դասարանի աշակերտներն էին: Աշակերտները ցույց տվեցին ռուսաց լեզվի ու գրականության գիտելիքները, ինչպես նաև տրամաբանական կարողություններն ու հնարամտությունը: Բեմում խաղում էին հինգ խմբեր: Ամեն խումբ ընտրում էր ցանկալի համակցությունը, օրինակ՝ «Աշխարհում ամեն ինչի մասին», «Լեզու և գրականություն», «Կես լուրջ, կես կատակ», հետո ընտրում էր հարցը:

Խաղին մասնակից դարձան հրավիրված հյուրերն ու հանդիսատեսը ևս: Նրանց համար հնչում էին առանձին հարցեր, որոնք պատասխանը գտնելու դեպքում իրենց վաստակած միավորը կարող էին տալ թիմերից մեկին՝ իրենց ցանկությամբ: Խաղը շատ նման էր «Ինչ, որտեղ, երբ» հայտնի խաղին, և աշակերտներն անգամ հնարավորություն ունեին ընտրելու հարցեր՝ կապված սև արկղի հետ… Ինչե՜ր ասես, որ չհանեց այնտեղից խաղի վարող և ռուսաց լեզվի ուսուցիչ Անահիտ Հայրապետյանը:Հաղթեց ուժեղագույնը՝ այն խումբը, որը վաստակել էր ամենաշատ միավորները, սակայն խաղից բոլորը ստացան բավականություն և էներգիա, իրենց հետ տարան վառ լիցքեր և լավ հիշողություններ: Նման խաղերը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար և ստուգում են ամբողջ տարվա ընթացքում աշակերտների ստացած գիտելիքները:

Հոդվածի հեղինակներ՝

Աննա Հակոբյան, 10-րդ դասարան

Քսենյա Մուրադյան, 11-րդ դասարան

Լուսանկարները՝

Աննա Հակոբյանի, 10րդ դասարան

Հոլովակը՝

Նարե Կուրղինյան, 10-րդ դասարան,

Օֆելյա Խաչատրյան, 10-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>