«Ռոլան» 15-րդ մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնն ամենամյա միջոցառում է, որի կազմակերպիչը «Ռոլան Բիկով» ֆոնդն է։ Փառատոնի շրջանակում իրականացվում են մշակութային, կրթական և սոցիալական ծրագրեր։ Այս տարի այն անցկացվեց նոյեմբերի 5-9-ը, և նրան մասնակցում էր նաև «Այբ» դպրոցի Film Factory ակումբը։ Այն այս տարի ներկայացել է 3 ֆիլմերով, ինչպես նաև աշակերտներից ոմանք ներառված էին «Ես եմ» անվանակարգի ժյուրիի կազմում։
Նոյեմբերի 8-ին «Այբ» դպրոցի «Հայաստան» դահլիճում տեղի ունեցավ պանելային քննարկում փառատոնի հյուրերի հետ «Մանկապատանեկան ֆիլմերի արտադրությունը, գրավչությունն ու մարտահրավերները» թեմայով։ Մեր հյուրերն էին ռեժիսորներ Տոմաշ Նիտտելը՝ Լեհաստանից, Բալաշ Սիմոնյին՝ Հունգարիայից, և Դաթո Ջանելիձեն՝ Վրաստանից։ Ահա թե ինչ մտքեր արտահայտեցին հյուրերը։
Դեպի ֆիլմարտադրություն տանող ճանապարհը
Մեր օրերում հասանելի տեխնիկական հնարավորություններըկարող են շատ օգնել այդ հարցում։ Անձանբ ես իմ առաջին անիմացիոն ֆիլմը նկարել եմ տետրի թղթերի վրա և թերթելով դրանք ստացել անիմացիա։ Դու պետք է փորձես շատ ու շատ բաներ, որպեսզի հասկանաս, թե որն է քեզ ավելի հոգեհարազատ։
Խնդիրները ֆիլմարտադրության աշխարհում
Ֆինանսավորումը ռեժիսորների մեծագույն խնդիրներից է, բայց շատ ու շատ ռեժիսորներ կան, որ գտնում են ելքը։ Եթե դու իրոք տարված ես այդ թեմայով, ցանկանում ես նկարահանել ֆիլմ, դու կարող ես անգամ քո հեռախոսով նկարել այն։ Միշտ չէ, որ գումարը կարող է դառնալ արգելք ֆիլմ նկարահանելու համար, կան այլ խնդրահարույց հարցեր նույնպես։ Օրինակ՝ հանդիսատեսի ճաշակը, հաջողությունը, կապերը և ազատ լինելու կարողությունը։
Ֆիլմերի փառատոների մասին
Փառատոները ևս խնդրահարույց են, քանի որ մրցակցությունը միշտ չէ, որ արդար է լինում։ Ինչպե՞ս կարող ես ընտրել, թե որ ֆիլմն է ավելի լավը։ Փառատոները պետք է լինեն առանց մրցակցության, և հանդիսատեսը պիտի պարզապես հնարավորություն ունենա դիտելու նոր ֆիլմեր, նոր ոճ։ Մրցանակներն արդար գաղափար չեն։
Առհասարակ բոլոր տեսակի փառատոները պետք է չունենան մրցակցություն։ Մեզ՝ ֆիլմարտադրողներիս համար, դրանք շատ լավ հնարավորություն են մեր ֆիլմերը ցուցադրելու համար։ Հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են մյուսները մտածում, ինչ է նրանց դուր գալիս և այլն։
Ֆիլմարտադրության դասընթացները դպրոցում․ հարկավո՞ր են արդյոք
Նախ և առաջ՝ ձեր դպրոցը զարմանալի դպրոց է։ Այն ապագայի դպրոց է, նման է սկանդինավյան դպրոցների մոդելին։ Հիանալի գաղափար է հենց դպրոցում ֆիլմարտադրություն սովորեցնելը, ինչպես արվում է «Այբ»-ում նախագծային ուսումնառության շրջանակում։
Շատ շուտով ֆիլմ նկարելը կլինի պարզապես հմտություն, ինչպես որևէ երաժշտական գործիք նվագելը կամ ֆուտբոլ խաղալը։ Այն զարգացնում է երևակայությունը, ազատ մտածելու ունակությունն ու ինքնաարտահայտման միջոցներից մեկն է։
Ժաննա Հայրապետյան
12-րդ դասարան