«Ռոքեստրը» բացահայտելու է ռոքի գործիքավորման առանձնահատկությունները

Նախագծային ուսումնառության «Ռոքեստր» ակումբի գործունեության շրջանակում ամեն տարի իրականացնում ենք նախագիծ՝ հասարակության մեջ երաժշտության արժևորման չափանիշների տարածմանը նպաստելու համար։

Ուսումնական տարվա սկզբին ձևավորվեց այս տարվա մեր թիմը։ Այս անգամ մեր գործիքակազմը շատ բազմատեսակ է։ Հարվածայիններից, կիթառներից ու ստեղնաշարներից բացի՝ այս տարի մեր կազմը համալրվեց ջութակով, ֆլեյտայով և ուդով, որոնք յուրահատուկ երանգ են հաղորդելու մեր նվագին։ Այս տարի որոշել ենք ուսումնասիրել ու ներկայացնել ռոք ժանրի գործիքավորման առանձնահատկություններն ու զարգացումը ժամանակի ընթացքում։

Ժամանակացույց կազմելուց հետո սկսեցինք մեր հետազոտական աշխատանքները։ Սեպտեմբերին թիմում ձևավորվեց 6 տարբեր հետազոտական խումբ, որոնք ուսումնասիրեցին ռոք երաժշտության մեջ գործիքների տարբեր ընտանիքների դերն ու ազդեցությունն ընդհանուր երաժշտության վրա։ Այս ընթացքում մեզ համար ծանոթացանք մի շարք նոր խմբերի, որոնք, որպես նորամուծություն, օգտագործել էին ռոքի ստանդարտ գործիքակազմին չպատկանող բազմաթիվ այլ գործիքներ։ Այս բացահայտումները համապատասխանում էին մեր ակնկալիքներին, ինչն է՛լ ավելի շահադրդեց մեզ՝ հետազոտությունը շարունակելու և տրամաբանական ավարտին հասցնելու։

Հունվարին, ամփոփելով հետազոտություններն ու զինվելով դրանցից ստացած բազմաշերտ տեղեկույթով, սկսեցինք աշխատել մեր նախագծի թեմային բնորոշ երգացանկի ընտրության վրա։ Արդեն ընտրել ենք մի քանի երգ, որոնք նվագում ենք մեծ հաճույքով ու աշխատում ենք մեր նվագը կատարելագործելու վրա։ Երգացանկի ընտրությունն ամենաբարդ խնդիրն է, քանի որ մեր ցանկություններն անսպառ են, իսկ ժամանակային հնարավորությունները՝ սահմանափակ։ Չնայած՝ արկածների մեծ մասը դեռ առջևում է։

Նախագիծն ընթանում է իր բնականոն ուղով, և հուսով ենք, որ արդյունքներն արդարացնելու են մեր ակնկալիքները։

Սամվել Աղավելյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>