«Այբ» դպրոցը միացել է CNN-ի #CalltoEarth համաշխարհային արշավին։ Կլիմայի փոփոխությունների մասին ահազանգումը, բնական ռեսուրսների վատնումը, բնությանը հասցվող անդառնալի հետևանքները՝ այս խնդիրների մասին են բարձրաձայնում արշավի մասնակից կառույցներն ու կազմակերպությունները՝ ներառյալ կրթական հաստատությունները, աշխարհի չորս մայրցամաքներում։
«Այբ» դպրոցում բնապահպանական վարքագիծը և շրջակա միջավայրի հանդեպ հոգատար վերաբերմունքը մշտապես ուշադրության կենտրոնում են։ Դպրոցում գործում է հասարակական գործունեության «Էկո» թիմը։ Աշակերտները կամավորական սկզբունքով նախաձեռնում և իրականացնում են շաբաթօրյակներ, ազդապաստառային արշավներ, ստեղծում ահազանգող հոլովակներ ու կազմակերպում տեղեկատվական միջոցառումներ ինչպես «Այբ»-ում, այնպես էլ դպրոցից դուրս՝ Հայաստանի տարբեր վայրերում։
Կորոնավիրուսային համավարակի պատճառով բժշկական դիմակների սպառման և շրջակա միջավայրը դրանցով աղտոտելու խնդրի լուծում է առաջարկում «Այբ» դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Իլյա Լալազարյանը։ Իր հոդվածում Իլյան պատմում է, թե ինչպես կարելի է դիմակներին երկրորդ կյանք տալ։
Շուրջ 129 միլիարդ օգտագործված դիմակներ, վերածվելով թափոնի, միասին ծածկում են Սինգապուրի տարածքի եռապատիկը։ Համաճարակային իրավիճակի պատճառով անձնական պաշտպանության միջոցները սկսել են առանցքային դեր խաղալ յուրաքանչյուրիս կյանքում: Բժշկական դիմակների լայնածավալ օգտագործման հետ մեկտեղ մենք պետք է պատրաստ լինենք առերեսվելու արդյունքում առաջացող մարտահրավերներին, հատկապես երբ խոսքը բնությանն ու շրջապատին հասցվող վնասների մասին է։ Այնուամենայնիվ, աշխարհը կարծես ավելի մտահոգված է բժշկական դիմակների անհագ քաղցը բավարարելով ու օրեցօր փորձելով արտադրել ավելին ու ավելին, քան դիմակների թափոնների կուտակումներից առաջացող բնապահպանական խնդիրներով, որոնք անտեսվում են։
2020 թ. մայիսին, երբ դեռ 11-րդ դասարանում էի սովորում, իսկ դիմակներով աղտոտվածության վտանգը նոր էր արմատանում, որոշեցի, որ պետք է ինքս լուծում գտնեմ խնդրին։ Նախագծի գաղափարը քննարկեցի քիմիայի ուսուցչիս հետ, սկսեցի հետազոտել թեման, և շուտով դպրոցիս՝ «Այբ»-ի լաբորատորիայում, սկսեցինք կատարել վերամշակման առաջին փորձերը։ Միահյուսելով հետաքրքրությանս երկու շրջանակները՝ բնապահպանությունն ու քիմիան, ստեղծեցի RenéMask նախագծի գաղափարը, որն էր՝ գտնել բժշկական դիմակների վերամշակման գիտական, բայց միաժամանակ էկոլոգիապես կայուն ճանապարհ։ Ամիսների ուսումնասիրությունների, գիտափորձերի ու քննարկումների արդյունքում մշակվեցին լաբորատոր պայմաններում դիմակներից փոքր էկոլոգիական հետքով վառելանյութի ստացման մեթոդն ու նախագիծը։ Այսպես՝ RenéMask-ը լուծում է առաջարկում միանգամից երկու մտահոգիչ խնդիրների համար, որոնք են շրջակա միջավայրի աղտոտվածությունը և էներգիայի այլընտրանքային աղբյուրների աճող պահանջարկը։ Ըստ BP բրիտանական նավթագազային ընկերության 2018 թվականի ուսումնասիրության՝ 2017 թվականից ի վեր առաջնային էներգիայի տարեկան սպառումն աճում է 2,9%-ով՝ երկու անգամ ավելի արագ, քան 13 տարի առաջ։
Հենց այս պատճառով հանածո վառելիքին փոխարինող էներգիայի աղբյուրների հայթայթումը յուրաքանչյուր երկրի առաջնային խնդիրներից է դարձել։ Դիմակների քիմիական մշակմամբ հնարավոր է ստանալ հեղուկ վառելանյութ, որը կարող է օգտագործվել ջերմություն հաղորդող սարքերում, ինչպես նաև որոշ շարժիչներում։
Այս ճանապարհով, RenéMask նախագծի շրջանակում, սկսեցի վերամշակել «Այբ» դպրոցում օգտագործվող ու դեն նետվող դիմակները։ Ավելին՝ 2021 թվականի ապրիլին RenéMask նախագիծը հաղթող ճանաչվեց Awesome Nature Armenia դրամաշնորհային մրցույթում՝ ստանալով 1000 ԱՄՆ դոլար ֆինանսավորում, որն այժմ օգտագործում եմ նախագծի գործունեության շրջանակն ընդլայնելու և մշակման մեթոդի գիտական հետազոտության համար։ Այժմ նախագիծը կենտրոնացել է որակական և քանակական վերլուծության միջոցով ստացվող վառելանյութի քիմիական բաղադրության ու հատկությունների ուսումնասիրման վրա, ինչպես նաև Հայաստանում վերամշակման ոլորտում աշխատող ընկերությունների հետ հնարավոր համագործակցության հաստատման՝ նախագիծն ընդարձակելու նպատակով։
Հատկանշական է, որ քիմիական մեթոդը հետագայում կարող է օգտագործվել նաև այլ տեսակի պլաստիկների մշակման համար, ինչպիսին են պոլիէթիլենային շշերն ու տոպրակները։ Նախագծի նպատակն է՝ լուծել Հայաստանում միջավայրի՝ բժշկական դիմակներով աղտոտվածության խնդիրը էկոլոգիական փոքր հետք ունեցող մեթոդի օգտագործմամբ՝ միաժամանակ ստանալով այլընտրանքային էներգիայի աղբյուր, որն ինքնին կարող է օգտագործվել հանածո վառելիքի փոխարեն։
RenéMask-ն ինձ համար վերածվել է գործիքի, որի միջոցով պայքարում եմ ընդդեմ պլաստիկի օգտագործման չարաշահման՝ փորձելով հնարավորինս տարածել էկոլոգիապես կայուն գործունեությունն ու ապրելաոճը։
Իլյա Լալազարյան, 12-րդ դասարան
Կիսվել