Regeneron ISEF 2023-ում Հայաստանը ներկայացնող «Այբ»-ի աշակերտներն արժանացել են հատուկ մրցանակի

Աշխարհի ամենախոշոր գիտակրթական մրցույթում Հայաստանը ներկայացնող «Այբ»-ի աշակերտները վերադարձել են հատուկ մրցանակով: «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Կանաչ քիմիա» ակումբը, հաղթելով Հայկական համադպրոցական գիտության փառատոնում, երաշխավորվել էր Հայաստանը ներկայացնելու ԱՄՆ Դալլաս քաղաքում անցկացվող Regeneron ISEF 2023-ում։

Նախագծային ուսումնառության (Ayb PRO) «Կանաչ քիմիա» ակումբի անդամներ Իլոնա Արտազյանը և Անժելա Մաթևոսյանը ստացել են Սաուդյան Արաբիայի "King Fahd University of Petroleum & Minerals" համալսարանի ամբողջական կրթաթոշակ և 400 ԱՄՆ դոլար մրցանակային գումար: Մրցանակը սահմանել է «Աբդուլազիզ թագավոր և գործընկերներ» հիմնադրամը «Բնապահպանական ինժեներիա» անվանակարգում:

Regeneron ISEF 2023-ին մասնակցում էին 64 երկրի 1638 պատվիրակներ, ներկայացվել է 1324 նախագիծ: «Այբ»-ի աշակերտների նախագիծը «Բնապահպանական ինժեներիա» բաժնում կարող եք տեսնել այս հղումով:

Մարտի 25-ին ԵՊՀ-ում կայացած Հայկական համադպրոցական գիտության փառատոնում «Այբ»-ը ներկայացել էր նախագծային ուսումնառության «Կանաչ քիմիա» ակումբի երեք նախագծերով՝ կենսապոլիմերային թաղանթի ստացման սարք, բժշկական դիմակների վերամշակման «Ռենեմասկ» և ջերմոցային գազի արտանետումները նվազեցնող «Փաուերֆիլ» նախագծեր: Երեքն էլ արժանացել էին ժյուրիի գնահատականին և զբաղեցրել մրցանակային տեղ, իսկ կենսապոլիմերային թաղանթի ստացման սարքի նախագիծը հաղթող էր ճանաչվել, և ԿԳՄՍՆ կողմից երաշխավորվել ներկայացնելու Հայաստանը Regeneron International Science and Engineering Fair (ISEF)-ում, որն աշխարհի ամենամեծ գիտական մրցույթներից է։

«Այբ»-ի «Կանաչ քիմիա» ակումբի աշակերտների նախագծած սարքի նախագիծը արտադրական պրոցեսի մեջ է դնելու նախկինում ակումբի շրջանավարտների ստեղծած կենսապոլիմերները, որոնք քայքայվում են հողում ու ջրում և լավ փոխարինիչ են շրջակա միջավայրի վրա հսկայական բացասական ազդեցություն ունեցող նավթային հումքով ստացվող պլաստիկների համար։ 2019 թվականին «Այբ» դպրոցի աշակերտների գյուտը՝ բնության մեջ կենսաքայքայվող պոլիմերների ստեղծման նրանց մշակած եղանակը, ստացել էր գյուտի արտոնագիր Մտավոր սեփականության գործակալության կողմից և հրապարակվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական տեղեկագրում։

«Կանաչ քիմիա» ակումբի նախագծավարներն են Լիլիթ Համբարձումյանն ու Լևոն Սարգսյանը, լաբորանտը՝ Ռուբեն Քերոբյանը։

«Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի առարկայացանկի տարբերակիչներից է նախագծային ուսումնառությունը (project-based learning), որը «Այբ» դպրոցում 2015 թ. ներդրված նորարարական կրթական մոդել է՝ հիմնված «սովորել անելով» սկզբունքի վրա։ Այն կառուցում է ուսումնառությունը նախագծերի շուրջ:

Այս ծրագրի շրջանակում աշակերտները կազմում են թիմեր և իրականացնում մեծածավալ, երկարաժամկետ նախագծեր, որոնք ուղղված են իրական համայնքային խնդիրների լուծմանը։

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>