«Այբ» ավագ դպրոցի երեք աշակերտներ՝ Դավիթ Գրիգորյանը, Լիլիթ Մինասյանը, Սուրեն Թադևոսյանը, արժանացել են ՏՏ ոլորտի լավագույն աշակերտի պետական մրցանակի։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Ա․ Խաչատրյանի անվան համերգասրահում։ Մրցանակները հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այբ»-ի աշակերտներն աչքի են ընկել ոլորտում իրենց նորարար գաղափարներով և նախագծերով։ ՏՏ պետական մրցանակի արժանացած աշակերտները նաև գերազանց առաջադիմություն են ցուցաբերել բնական գիտություններից։ Երեխաներն իրենց գիտելիքները հնարավորություն ունեն կիրառելու գործնականորեն։ «Այբ» դպրոցին կից գործում է ֆաբլաբ՝ ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (ՄՏԻ, MIT) ստեղծած արհեստանոց-լաբորատորիան։ Հայաստանում ներդրված երկու ֆաբլաբները նորարարական «խելացի» լաբորատորիաներ են, որոնք թույլ են տալիս կրթությունը դարձնել կիրառական:
ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն 15-րդ անգամ: ՀՀ պետական կրթական մրցանակ շնորհվում է ամեն տարի բարձր առաջադիմություն ունեցող այն ուսանողներին և աշակերտներին, ովքեր ակտիվորեն մասնակցում են ՏՏ ոլորտի և բնական գիտությունների տարբեր օլիմպիադաներին և մրցույթներին, գիտական հոդվածների հեղինակներ են, ներգրավված են հասարակական ծրագրերում: