Փոդքաստինգի ակումբի աշակերտներն աշխատում են մասնագիտական ու հոգեբանական նախագծերի վրա

Նախագծային ուսումնառության «Փոդքաստինգ» ակումբը տարվա ավարտին նախատեսում է թողարկել երկու նախագիծ՝ «Ես դեռահաս եմ» և «Ես ուզում եմ դառնալ» հաղորդաշարերը։ Ընտրել ենք այնպիսի թեմաներ, որոնցում արծարծվող խնդիրներին ինքներս ենք առնչվել։ Առաջին նախագիծը վերաբերում է դեռահասների հոգեբանությանը, իսկ երկրորդ շարքում խոսելու ենք մասնագիտության ընտրության մասին։

Փոդքաստները ձայնագրվելու և մշակվելու են մեզ հետ համագործակցող Sound Progress ստուդիայում։ Ակումբի անդամներն աշխատում են թողարկումների սցենարների վրա, համագործակցում շրջանավարտների և ձայնագրվող հյուրերի հետ թողարկումների վերջնական բովանդակությունը ստանալու համար։ Ակումբի տեխնիկական թիմը զբաղվում է առցանց հարթակների ուսումնասիրմամբ ու փոդքաստների առաջխաղացման համար ծրագրի մշակմամբ։

Աշխատանքային հագեցած գործընթացին զուգահեռ մեր ակումբը հաճախ է հյուրընկալում ոլորտին առնչվող մասնագետների։ Դեռևս գաղափարների քննարկման փուլում հանդիպեցինք հնչյունային ռեժիսոր, Sound Progress ստուդիայի հիմնադիր Տիգրան Հակոբյանին և խոսեցինք հնչյունային մոնտաժի, ձայնի, փոդքաստների արտադրական փուլի և մեր հետագա համագործակցության մասին։ Նրա հետ աշխատելու ենք ձայնագրման և մոնտաժի հմտություններ ստանալ։

Հյուրընկալեցինք նաև մարզական լրագրող Վարվարա Հայրապետյանին, որը վերջերս սկսել է մարզական փոդքաստների նախագիծ հայ մարզիկների մասնակցությամբ։ Նրա հետ քննարկեցինք հյուրից ճիշտ հարցազրույց վերցնելու տեխնիկայի և մեր սովորածը գործնականորեն կիրառելու հարցեր և հարցազրույց անցկացրինք հենց Վարվարայի հետ։

Բացի մեր ակումբում մասնագետների հյուրընկալելուց՝ ինքներս հյուրընկալվեցինք ձայնագրման ստուդիաներում։ Առաջին հերթին այցելեցինք Sound Progress ստուդիա, ծանոթացանք ձայնագրման տեխնիկական սարքերին և հնարավորություն ստացանք ձայնագրվելու և ձայնագրման փորձ ձեռք բերելու։

Նաև ծանոթացանք Rearrange փոդքաստային նախագծի հեղինակ Նարեկ Ամիրխանյանի հետ, որը մեզ հյուրընկալեց իր ստուդիայում։ Հանդիպման ընթացքում քննարկեցինք մեզ հետաքրքրող բոլոր հարցերը՝ սկսած փոդքաստի ժանրի առանձնահատկություններից մինչև հարցազրույցի համար ճիշտ հյուրի և թեմայի ընտրությունը։ Հետաքրքրիր ու բազմաբովանդակ զրույցից հետո նաև ունեցանք գործնական փուլ, որի ընթացքում փորձարկեցինք ստուդիայի ձայնագրման տեխնիկան։

Անդամները կարողանում են համատեղել թիմային աշխատանքը, սցենարների մշակումը, կայքի առաջխաղացումն ու հյուրերի հետ հանդիպումները, և շուտով այս ամենին գումարվելու են նաև թողարկումների մշակման աշխատանքները։

Նարե Կուրղինյան, 11-րդ դասարան, Փոդքաստինգի ակումբ

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>