Փոդքաստինգի ակումբում հյուրընկալել էինք գրող Հովիկ Աֆյանին

Միշտ օգտակար է լսել մարդկանց, ովքեր հմուտ ու կայացած են իրենց ոլորտում: Այդպիսի գործիչներից մեկն էլ գրող և խմբագիր Հովիկ Աֆյանն է: «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Փոդքաստինգ» ակումբում հյուրընկալել էինք գրող Հովիկ Աֆյանին, ով մեծ սիրով համաձայնել էր մեզ օգնել փոդքաստային պատմվածքների սցենարներ գրելու մասին խորհուրդներ տալով: Բայց մինչև այդ Աֆյանը պատասխանեց հետաքրքրասեր այբեցիների հարցերին գրականության մասին: Գրողը պատմեց իր հեշտ ու դժվար փորձությունների մասին, որոնք հաղթահարել էր գրականության մեջ կայացման երկար ճանապարհին: Մի քանի անգամ գրական մրցույթներում անհաջողություն ունենալուց հետո 2 տարի առաջ Աֆյանը «Կարմիր» գրքով հաղթեց Գրքի երևանյան փառատոնում ու ձեռք բերեց հանրային մեծ ճանաչում: Մեր հյուրն անդրադարձավ նաև ժամանակակից հայ մտավորականներին ու իր համար «մրցակից» համարվող գրողներին: Մեզ համար բացահայտեց ոլորտի ներսում ներկայացուցիչների հարաբերությունները:

Այնուհետև խումբն անցավ բուն գործին: Գրողին ներկայացվեց նախագծային ակումբի պատրաստ աշխատանքներից մեկը: Հովիկ Աֆյանը սցենարական նոր գաղափարներ առաջարկեց ավելի ճկուն ու գրավիչ տեքստ կառուցելու համար: Բոլոր նկատառումները տեղին էին, և խումբը ձեռնամուխ եղավ շտկումներ կատարելու:

Ամփոփելով ակումբի ընդհանուր գործունեությունը՝ կարող ենք հիշել նաև անցյալ կիսամյակ մեր այցելության մասին «Արմենիա» հեռուստաընկերություն, երբ հանդիպեցինք գլխավոր պրոդյուսեր, սցենարիստ Ռոբերտ Մարտիրոսյանի հետ: Այդ հանդիպման նպատակը նույնպես ճիշտ սցենար գրելու և փոդքաստների պորդյուսերական աշխատանքներին վերաբերող վարպետությանը ծանոթանալն էր:

Փոդքաստինգի ակումբի «Հայփոդ» նախագծի նպատակն է ձայնային պատմվածքների ձևաչափով ներկայացնել Հայաստանի մարզերն ու քաղաքները:

Լուսինե Խաչատրյան, 11-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>