ՆՈՒ 2021-2022․ ձևավորվեց 11 ակումբ

«Այբ» ավագ դպրոցի 11-12-րդ դասարանների աշակերտների համար տեղի ունեցավ 2021-2022 ուսումնական տարվա նախագծային ուսումնառության ակումբների ներկայացումը։ Ներկայացվեցին 14 ոլորտ ու ակումբ։

Առաջինը ծրագրավորման ակումբն էր։ Ակումբի ղեկավարները պատմեցին նախորդ տարվա «Բոլոլա» նախագծի իրագործման, աշակերտների ներգրավվածության և աշխատանքի ընթացքի մասին։ Խոսեցին նոր ծրագրերի և այն մասին, որ, ակումբին անդամագրվելով, աշակերտները կսովորեն ծրագրավորման հիմնարար գիտելիքներ։ Երկրորդ ակումբը պարարվեստին նվիրված «Կաքավագիրն» էր, որի անդամները հավաքելու և գրի են առնելու ազգային պարերը։

«Արվեստանոց» ակումբը խոսեց արվեստի կարևորության մասին՝ ներկայացնելով նախորդ տարիների հաջողված նախագծերը։ Նրանց հաջորդեց «Մեդիագիտակներ» ակումբը, որտեղ աշակերտները սովորում են ինչպես լինել մեդիագրագետ և տեղեկույթը ճիշտ վերլուծել։ Վերջնարդյունքում ակումբը կներկայացնի մեդիագրագիտությանը նվիրված հոլովակներ և հոդվածաշար։ «Տեխնոշարժ» ակումբն առաջարկեց այս տարի ևս շարունակել օժանդակ կայքերի պատրաստում մյուս ակումբների նախագծերի համար։

Հաջորդիվ «Ռոքեստր» ակումբը պատմեց անցյալ տարվա մեծ համերգի և նախորդ նախագծերի մասին. ակումբում աշակերտները ձեռք կբերեն երաժշտական գիտելիքներ։ «Ստեղծագործություն» ակումբը նոր է։ Այստեղ աշակերտները սովորելու են գրելու արվեստը և համագործակցելու ներկայիս գրողների հետ։ «Ուրբանիստ» ակումբն ունի մեկ տարվա պատմություն, և մեկ տարվա ընթացքում ակումբի անդամները հասցրել են նախագծել և դպրոցին ներկայացնել «Այբ» դպրոցի ազատ տարածության համար նախատեսված նախագիծ։

Նոր ակումբ է նաև «Ստվերների թատրոնը», որտեղ աշակերտներն աշխատելու են տիկնիկների հետ, զարգացնելու իրենց երևակայությունը և բեմադրելու ներկայացում։ Մյուս նորաբաց ակումբը «Փոդքաստինգն» է։ Այս մեդիա ձևաչափը ներկայում զարգանում է Հայաստանում։ Ակումբը նախատեսում է ստեղծել դպրոցի առցանց ռադիո և գործակցել հայտնի մեդիաների հետ։

«Ֆ8» լուսանկարչական ակումբն իր հերթին պատմեց անցած ուսումնական տարվա շրջանակում կազմակերպված ցուցահանդեսի և հայտնի նախագծերի մասին։ Նորություն է վավերագրական թատրոնին նվիրված ակումբը ևս։ Ակումբի ղեկավարը ներկայացրեց թատրոնի պատմությունը և այն աշխատանքը, որը պատրաստվում են իրագործել տարվա ընթացքում։ Եվ ամենավերջում ներկայացավ ինժեներական ակումբը, որտեղ նոր գաղափարներ կիրագործեն ու նոր սարքավորումներ կպատրաստեն։

Ակումբների ներկայացումից հետո աշակերտներն ընտրեցին իրենց նախընտրած խմբերը և մասնակցեցին հարցազրույցներին։

Այսպիսով, 2021-2022 ուսումնական տարում ձևավորվեց նախագծային ուսուցման 11 ակումբ։

Արևիկ Մելիքյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>