Ընդունում ենք նախագծային ուսումնառության նոր ակումբների գաղափարների և ղեկավարների հայտեր

Ունեք նոր և հետաքրքիր գաղափարնե՞ր, ոլորտի գիտա՞կ եք, սիրո՞ւմ եք աշխատել աշակերտների հետ և ցանկանո՞ւմ եք ձեր փորձն ու գիտելիքը ներդնել լավագույն ապագայի կառուցման գործում՝ «Այբ»-ը հենց ձեր տեղն է։ Մենք տալիս ենք հարթակ և ներուժ՝ իրագործելու անիրագործելին։ «Այբ» ավագ դպրոցի աշակերտների հետ կարող եք կյանքի կոչել հետաքրքիր նախագծեր, լուծել այժմեական կարևոր խնդիրներ՝ տալով նրանց գիտելիք ու փորձ՝ ձևավորելով նախագծային ուսումնառության նոր ակումբ և դառնալով դրա ղեկավար։

Ինչ է պետք անել

Նախագծային ուսումնառության ակումբները ձևավորվում են ուսումնական տարվա սկզբում։ Նախ ակումբի ղեկավարները «գրավում» են ապագա թիմակիցների հետաքրքրությունը՝ աշակերտական համայնքին ներկայացնելով իրենց ոլորտի գրավչությունն ու առավելությունները։ Ապա աշակերտները քվեարկությամբ ընտրում են, թե որ ակումբին են ցանկանում անդամակցել։ Այնուհետև ձևավորված ակումբը մշակում և «Այբ»-ի ղեկավարների հավանությանն է ներկայացնում իրականացվելիք նախագիծը։

Ակումբի ղեկավարի պարտականությունն է «Այբ» ավագ դպրոցի 11-12-րդ դասարանների աշակերտների հետ մեկ ուսումնական տարվա ընթացքում իրականացնել մեծածավալ, երկարաժամկետ նախագծեր, որոնք ուղղված են իրական համայնքային խնդիրների լուծմանը։

Անհրաժեշտ է՝

- աշակերտների հետ մշակել իրագործելի նախագծեր,

- կազմել բյուջե,

- գտնել լուծման եղանակներ,

- սահմանել ժամկետներ,

- համակարգել աշակերտական թիմի աշխատանքը։

Ամեն ուսումնական տարի «Այբ» դպրոցում ձևավորվում են 10-ից ավելի ակումբներ՝ ռոբոտաշինության, բիոինֆորմատիկայի, քիմիայի, ֆոնդահայթայթման, ֆիլմարտադրության, գեղարվեստի ոլորտի և այլն։ Ակումբները նախորդ տարիների ընթացքում ունեցել են հնչեղ արդյունքներ, մասնավորապես՝ «Կանաչ քիմիա» ակումբի աշակերտների մշակած կենսապլաստիկի պատրաստման եղանակը ստացել է գյուտի արտոնագիր։

* Դասավանդման կամ ակումբների վարման փորձը ցանկալի է։

Ուղակեք Ձեր ինքնակենսագրականը (CV), նախագծերի թղթապանակը (ցանկալի է), առաջարկվող նախագծի մասին տեղեկություն (նկարագրող նամակ, սահիկահանդես) [email protected] էլ. hասցեին՝ subject դաշտում գրելով «Նախագծային ակումբ_Անուն Ազգանուն»:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 13 հուլիսի, 2020 թ.:

Զբաղվածությունը՝ ոչ լրիվ:

***

Ինչ է նախագծային ուսումնառությունը

Նախագծային ուսումնառությունը «Այբ» դպրոցում 2015 թ. ներդրված նորարարական կրթական մոդել է՝ հիմնված «սովորել անելով» սկզբունքի վրա։ Նախագծերի իրականացման արդյունքում զարգանում են աշակերտների մի շարք կարևորագույն հմտություններ, ինչպիսին են թիմային աշխատանքը, բիզնես մտածելակերպը, պատասխանատվությունը, աշխատանքի պլանավորումն ու բաշխումը, ժամանակի կառավարումը, հաղորդակցման հմտությունները, նախաձեռնողականությունը և այլն: Նախագծային ուսումնառության շրջանակում աշակերտներն ընտրում են իրենց հոգեհարազատ ոլորտը, փորձում սեփական ուժերը դրանում, ինչն էլ իր հերթին հնարավորություն է տալիս կողմնորոշվելու ապագա մասնագիտության ընտրության հարցում։

2019-2020 ուսումնական տարվա նախագծային ակումբները

Ինժեներական ակումբ - AVC Combat նախագիծ

«Արվեստանոց» ակումբ - «Քաղաքանդակ» նախագիծ

Ծրագրավորման ակումբ - «Բոլոլա» նախագիծ

Ֆոնդահայթայթման ակումբ - «Տեսողական պոեզիա» պատկերագրքի տպագրություն

«Ռոքեստր» ակումբ - «80 ակՕրդ աշխարհի շուրջ» նախագիծ

«Ֆ8» ակումբ - «Աղբերս ու ես» նախագիծ

«Մոբիստուդիո» սոցիալական հոլովակների պատրաստում

«Տեխնոշարժ» ակումբ - «AybBus» նախագիծ

Բիոնֆորմատիկայի ակումբ - DNA Data Storage նախագիծ

Ֆիլմարտադրության ակումբ - «Թաքնված գանձերի հետքերով» նախագիծ

Կանաչ քիմիա - «Կենսապլաստիկներ», «VR Lab», «Կենսազտիչներ» նախագծեր


Կիսվել

Tag Announcement Tag Հայտարարություններ

Tweets by AybSchool
>