Ազգային ֆուտբոլն «Այբ»-ում

Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ «Այբ» դպրոցը հյուրընկալեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստների՝ հարձակողական ոճի կիսապաշտպան, հոլանդական «Այաքսի» սան Արաս Օզբիլիզին և «Նոա» ակումբի նախկին պաշտպան ու 2022-2023 թթ. այդ ակումբի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանին։

Հանդիպումն իրականացվել է «Այբ» դպրոցի և «Չեմպիոն» ՀԿ-ի համագործակցության արդյունքում։

Հանդիպման սկզբում մեր հավաքականի գույները պաշտպանած ֆուտբոլիստները ներկայացրին իրենց փորձառությունն ու անցած ճանապարհը, ինչպես նաև խոսեցին ֆուտբոլի և սպորտի կարևորության մասին իրենց և ընդհանրապես բոլորիս կյանքում։ Այնուհետև 6-12-րդ դասարանների աշակերտները հնարավորություն ստացան ֆուտբոլի վերաբերյալ իրենց հարցերն ուղղելու հյուրերին։ «Ո՞րն է Ձեր ամենասիրելի ակումբն ու ֆուտբոլիստը», «Ո՞ր ակումբի դեմ կցանկանայիք գոլի հեղինակ դառնալ», «Ունի՞ արդյոք Հայաստանի հավաքականը Եվրոպայի կամ Աշխարհի առաջնության որակավորման փուլը հաղթահարելու հնարավորություն»․ այս ու շատ այլ հարցեր էին հետաքրքրում պատանի ֆուտբոլասերներին։ Խոսվեց նաև լավ մարզիկ դառնալու համար անհրաժեշտ կարգապահության ու հետևողականության մասին։

Հետաքրքիր հարց ու պատասխանից հետո աշակերտները հնարավորություն ստացան իրենց ուժերը փորձելու փորձառու ֆուտբոլիստների հետ նույն դաշտում։ Կազմակերպվեց երկու ընկերական հանդիպում միջին ու ավագ դպրոցների երեխաներից կազմված թիմերով։ «Այբ» դպրոցի ֆուտբոլի դաշտը կրկին լցվեց ոգևորված բացականչություններով և ուրախացնող սպորտային մթնոլորտով՝ պարգևելով անմոռանալի հիշողություններ բոլոր մասնակիցներին։

Tweets by AybSchool
>