«Բաց արվեստ»․ ցուցահանդես Ճարտարապետության թանգարան-ինստիտուտում

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Այբ» ավագ դպրոցի «Ֆ8» լուսանկարչական ակումբի «Բաց արվեստ» ցուցահանդեսի շնորհանդեսը։ Ցուցահանդեսին ներկա էին «Այբ» դպրոցի տնօրինությունը, Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի աշխատակազմը և նախագծի հերոսները՝ երիտասարդ արվեստագետները։

«Բաց արվեստ» նախագծի նպատակն է՝ բացահայտել մեր կողքին ապրող անհայտ արվեստագետներին՝ երաժիշտ, նկարիչ, լուսանկարիչ, գրող և այլն, և նրանց մասին ֆոտոպատմություններ ստեղծել ու տարածել, որպեսզի մարդիկ տեսնեն ու ճանաչեն ժամանակակից արվեստն ու այդ արվեստը կերտողներին և աջակցեն նրանց։ Նախագծի շրջանակում «Ֆ8» ակումբի անդամները ծանոթացան և հարցազրույցներ կազմակերպեցին 13 երիտասարդ արվեստագետների հետ և ստեղծեցին նրանց մասին ֆոտոպատմություններ, որոնք էլ ցուցադրվեցին ցուցահանդեսում։

Բացման հանդիսավոր արարողությանը նախագծի կարևորության մասին խոսեց «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը, իսկ նախագծային ուսումնառության ծրագրի ղեկավար Արաքս Մարտիրոսյանը պատմեց Հայաստանում և հատկապես երիտասարդության շրջանում արվեստի կարևորության մասին։ Բացման արարողությունն ամփոփեց նախագծի մասնակից, դիզայներ Վարդան Դավթյանը, որը պատմեց իր ունեցած սպասելիքների, ստացած տպավորությունների և ձեռքբերումների մասին։

Էլինա Դանիելյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>