Առցանց «Այբապատում»՝ Ներքին Կարմիրաղբյուրի և Ներքին Ծաղկավանի դպրոցներում

Կորոնավիրուսի համաճարակը լիովին փոխեց կյանքի բնականոն ընթացքը, հատակապես՝ կրթության ոլորտը։ «Այբ» դպրոցն արտակարգ իրավիճակի հենց հաջորդ օրվանից անցավ ուսումնառության առցանց հարթակի։ Որոշ ժամանակ պարզ չէր, թե ինչպես պիտի անցկացվեր բոլորի կողմից սիրված «Այբապատումը», որի շրջանակում այբեցիները 2 օրով մեկնում են սահմանամերձ գյուղեր ու կիսում իրենց փորձը, իսկ մարզերի աշակերտներին հյուրընկալում «Այբ»-ում։ Դա հիանալի հնարավորություն է տարբեր մարզերի աշակերտներին հաղորդակից դարձնելու «Այբ»-ին ու շատ սիրված է նաև գյուղերի դպրոցների երեխաների կողմից։ Այնուամենայնիվ, որոշում կայացվեց ծրագրից ամբողջապես չհրաժարվել, այլ այս ծրագիրը նույնպես անցկացնել առցանց։

Առցանց հարթակում «հյուրընկալվել էինք» Ներքին Կարմիրաղբյուր ու Ներքին Ծաղկավան գյուղերի դպրոցներում։ Ես նույնպես «առցանց ուսուցիչ» էի ու կկիսեմ իմ և ընկերներիս փորձը, ինչպես նաև կներկայացնեմ գյուղերի երեխաների կարծիքներն ու տպավորությունները, քանի որ նրանք էլ մեզ նման մոտ մեկ տարի է սպասում են «Այբապատում» ծրագրին։

Դաս 1․ Նացիստական Գերմանիա. Ադոլֆ Հիտլեր

Ավարտական դասարանի աշակերտներ Օֆելյա Սմբատյանն ու Սաթենիկ Հարությունյանը ծրագրի շրջանակում պատրաստել էին համաշխարհային պատմության դասընթաց՝ «Նացիստական Գերմանիա. Ադոլֆ Հիտլեր» թեմայով: Դասընթացներին մասնակցեցին Ներքին Կարմիրաղբյուր և Ներքին Ծաղկավան գյուղերի դպրոցների աշակերտները:

«Մենք մտածում էինք, որ առցանց դասերի դեպքում երեխաները ընդհանրապես չեն մասնակցի կամ հետաքրքրված չեն լսի: Մանավանդ շատ տեխնիկական խնդիրներ ունեինք: Բայց մենք կարողացանք աշակերտներին ակտիվացնել ու ներգրավել դասի մեջ տեսանյութերի ու խաղերի միջոցով»,- նշում է Սաթենիկ Հարությունյանը: Ներքին Կարմիրաղբյուր գյուղի աշակերտուհի Անուշ Առաքելյանն ասում է. «Դասը շատ հետաքրքիր անցավ: Նոր տեղեկություններ ստացանք Հիտլերի մասին: Հասկացանք, որ պետք չէ միայն մեղադրել նրան: Ինձ համար հետաքրքիր էր նաև այն փաստը, որ Հիտլերը նկարչությամբ է զբաղվել: Միակ տարբերությունն այլ «Այբապատում»-ներից այն էր, որ անմիջական շփումը չկար»:

Դաս 2․ Խոսակցական բառապաշար

Հայոց լեզվի առցանց դասընթացին աշակերտները ձեռք բերեցին տարբեր հմտություններ և ավելի լավ ընկալեցին «Խոսակցական բառապաշար» թեման։ Դասը վարում էր «Այբ»-ի 11-րդ դասարանի աշակերտուհի Նոննա Գուլքանյանը։ Նա թեման ներկայացնելուց հետո փորձեց խաղերի միջոցով ամփոփել դասը։ Աշակերտները գրեցին հետաքրքիր թեմաներով երկխոսություններ։ Նրանք հետաքրքրված էին և ցանկանում էին իմանալ իրենց սխալները և ընկալել բացթողումները։ Տպավորված էին և նշեցին, որ դասից շատ հետաքրքիր բաներ իմացան։

Դաս 3- Մտածելու հմտություններ

Տարօրինա՞կ հնչեց։ Այո՛, «Այբ»-ում ուսանելու ժամանակ անցնում ենք նաև այս առարկան, որը դասավանդեցինք ես՝ Էլլա Ավագյանս, և Միլենա Մկրտչյանը։ Ընտրել էինք «4 ականջներ» թեման. խոսում էինք նույն տեղեկույթի 4 տարբեր հնարավոր ընկալումների ու դրանց բացատրությունների մասին։ Առարկան նոր էր աշակերտների համար և մինչև այս չէր քննարկվել և ուսումնասիրվել, ինչն աշակերտների ներգրավվածությունն այս դասում մի քանի անգամ մեծացրեց։ Դասերի ընթացքում ստացանք շատ հարցեր ու բավականին դրական արձագանքներ։ «Չնայած առաջին անգամ էի նման առարկա ուսումնասիրում, դասանյութը պարզ ներկայացրինք, ու վերջում ինքնաբացահայտող թեստը էլ ավելի օգնեց ճանաչելու ինքներս մեզ։ Այս դասը կօգնի նաև հետագայում ճանաչելու այլ մարդկանց», - աշակերտներից Լիաննան կիսեց իր տպավորությունները։

Անցած տարիներին «Այբապատումի» վերջում միշտ գյուղերի երեխաների հետ հայկական ազգային պարեր էինք պարում: Այս անգամ, ցավոք, պարել չհաջողվեց: Բայց դրա փոխարեն մենք լսեցինք աշակերտների ու ուսուցիչների կարծիքները դասերի վերաբերյալ: Մեր ստացած արձագանքները հետագայում կօգնեն մեզ առավել արդյունավետ դարձնելու մեր պատրաստած դասընթացներն ու առհասարակ ուսումնական նյութերը: Առցանց «Այբապատումը» մեզ համար հետաքրքիր մարտահրավեր էր, և կարծում ենք, որ պատվով հաղթահարեցինք այն: Այնուամենայնիվ, մենք հույս ունենք, որ հետագայում՝ համաճարակի նահանջից հետո, հնարավորություն կունենանք այցելելու գյուղեր ու անմիջական դասեր անցկացնելու արդեն որպես շրջանավարտներ: Ինչո՞ւ ոչ, նաև կկարողանանք պարել հայկական ազգային պարերը:

Էլլա Ավագյան, 11-րդ դասարան

Արևիկ Մելիքյան, 10-րդ դասարան

Օֆելյա Սմբատյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>