Ստեղծագործել և կերտել գեղեցիկը սեփական ձեռքերով՝ մենք անում ենք վաղուց, իսկ համագործակցել մշակութային հիմնադրամի հետ և ձեռք բերել հմտություններ լինոփորագրության մեջ՝ փորձեցինք առաջին անգամ՝ այցելելով «Նիկոլայ Նիկողոսյան» մշակութային հիմնադրամ և հիմք դնելով հետաքրքիր համագործակցության։ Արդեն երեք տարի ուսումնասիրելով տեսողական արվեստ առարկան և ծանոթանալով նկարչության բազում ուղղությունների հետ՝ այս անգամ մեր խումբը նկարչության ուսուցչուհի Մարի Ադամյանի գլխավորությամբ հանձն առավ սկսելու մի նոր նախագիծ։
Զրուցելով Մարի Ադամյանի և հիմնադրամի տնօրեն Սարգիս Հովհաննիսյանի հետ՝ առանձնացրել եմ հետաքրքիր մանրամասներ մեր փոքրիկ նախագծի մասին։
- Ընկե՛ր Մարի, ինչպե՞ս առաջացավ նախագծի գաղափարը և սկսվեց բուն համագործակցությունը։
- Անցյալ տարի, երբ «Արվեստանոց» ակումբի հետ իրականացնում էինք «Քաղաքանդակ» նախագիծը, ուսումնասիրել էինք նաև քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանի արվեստը և ճեպանկարել նրա քանդակները։ Այդ ժամանակ ես իմացա հիմնադրամի բացման մասին և ցանկություն հայտնեցի այցելություն կազմակերպելու հիմնադրամ և աշակերտներին ծանոթացնելու ժամանակակից քանդակագործի արժեքավոր աշխատանքին։ Ցավոք, համաճարակային պայմանները մեզ թույլ չտվեցին իրագործել մեր նպատակները, սակայն հիմնադրամ այցելելու գաղափարը պահպանվեց, և ես որոշեցի անպայման համագործակցել հիմնադրամի հետ։ Այս տարի համավարակի սահմանափակումների քիչ թե շատ թուլացումից հետո կապ հաստատեցի հիմնադրամի տնօրեն Սարգիս Հովհաննիսյանի հետ և միասին կազմեցինք ուսումնական ծրագիր 12-րդ դասարանի մեր աշակերտների համար՝ տարին ամփոփելու և դպրոցական վերջին նախագիծը պատվով հանձնելու համար։ Հաշվի առնելով ձեր խմբի հմտությունները՝ ընտրեցինք ձեզ համար նոր, հետաքրքիր, սակայն մի փոքր ավելի բարդ աշխատանք՝ լինոփորագրություն։
- Իսկ ո՞րն է ծրագրի նպատակը։
- Ծրագիրն ունի երկու նպատակ՝ ծանոթանալ Նիկոլայ Նիկողոսյանի հետ և սովորել գեղարվեստական տպագրություն։ Գեղարվեստական տպագրությունն ունի կիրառության բազում ոլորտներ, սակայն Հայաստանում չունի լայն տարածում և շատերը չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է ձեռքով տպագրել։ Արժևորելով գրաֆիկան՝ ես ցանկանում էի աշակերտներին ցույց տալ, որ բացի ավանդական գեղանկարչությունից կարելի է ստեղծագործել նաև այս ոլորտում և զարգացնել տպագրական հմտություններ։ Լինոփորագրությունը բարդ, սակայն հաճելի գործ է, որը միշտ ունենում է յուրահատուկ վերջնարդյունք։
Շարունակելով զրույցս հիմնադրամի տնօրեն Սարգիս Հովհաննիսյանի հետ՝ հետաքրքրվեցի ուսումնական ծրագրի մանրամասների մասին․
- Պարո՛ն Սարգիս, խնդրում եմ, պատմեք ուսումնական ծրագրի մասին․ ո՞ր տարիքային խմբի համար է նախատեսված և ի՞նչ հմտություններ է զարգացնում։
- Ծրագիրը նախատեսված է ավագ դպրոցի աշակերտների համար, որոնք օժտված են ստեղծագործական ունակություններով և, ամենակարևորը, լինոփորագրության ընթացքում կարող են ինքնուրույն աշխատել գործիքներով՝ պահպանելով անվտանգության կանոնները: Այն բացահայտում է յուրաքանչյուր երեխայի ստեղծագործական անհատականությունը, զարգացնում երևակայությունը, ստեղծագործական ակտիվությունը, նախաձեռնելու, որոշումներ կայացնելու, վերլուծելու կարողությունը, իրականության գեղագիտական ընկալման զգացողությունը: Շատ կարևոր է, որ մասնակիցները ծրագրի վերջնական արդյունքը տեսնում են մի քանի շաբաթ անց՝ համբերատարությամբ աշխատելով յուրաքանչյուր փուլում, ինչն է՛լ ավելի արժեքավոր է դարձնում վերջում ստացած արդյունքը, ստեղծագործական աշխատանքից բավարարվածության բերկրանքը:
- Ի՞նչ մտավախություններ ունեիք մինչև աշխատանքը սկսելը, գո՞հ եք արդյունքներից, և արդյո՞ք հեշտ էր աշխատել երեխաների հետ։
- Յուրաքանչյուր նոր ծրագիր սկսելուց, նոր գաղափար իրագործելուց առաջ միշտ ունենում եմ որոշակի մտավախություններ, ինչը շատ բնական է ու նորմալ, բայց արդյունավետ աշխատանքի ընթացքում դրանք աստիճանաբար հօդս են ցնդում: Ես՝ որպես նախագծի հեղինակ և արվեստագետ, գոհ եմ արդյունքներից։ Մեզ հաջողվեց լուծել մեր առջև դրված խնդիրները, մեծ բավականություն ստանալ աշխատանքային ու ստեղծագործական գործընթացից: «Այբ» դպրոցի աշակերտների հետ աշխատելը մեծ բավականություն և հաճույք է պատճառել, ուղղակի հիացած եմ նրանցով: Ինչ վերաբերում է ծրագրից տպավորություններին, ապա նշեմ, որ իմ սպասելիքներն ու պատկերացումները լիովին արդարացան, ցուցահանդեսից հետո արդեն ավելի ամբողջական կլինի պատկերը:
Ծրագրի ավարտից հետո կազմակերպվեց ցուցադրություն «Նիկոլայ Նիկողոսյան» հիմնադրամում, որտեղ մեծ վարպետի աշխատանքների կողքին ցուցադրվեցին մեր աշակերտների տպագիր նկարները, ինչը մեծ պատիվ է աշակերտների համար։
Սիլվի Գևորգյան, 12-րդ դասարան
Կիսվել