Այբապատում 2022․ ուղղությունը՝ Ներքին Ծաղկավան

Այս տարի «Այբ» դպրոցում իրականացվող «Այբապատում» նախագիծը համաճարակով պայմանավորված դադարից հետո վերջապես իրականացվեց այն ձևաչափով, որով նախագիծը պլանավորված էր ի սկզբանե։ Այն իրականացվեց ոչ թե առցանց, այլ առկա եղանակով, ինչի շնորհիվ կարողացանք այցելել մի շարք հիմնականում սահմանամերձ գյուղերի դպրոցներ և ոչ միայն իրականացնել հետաքրքրիր ու բազմազան սեփական նախագծեր, այլև մասնակցել հյուրընկալ դպրոցների նախագծերին, նաև թե՛ դպրոցական, թե՛ առօրյա կյանքին։

Այբապատման ուղղություններից մեկը դեպի Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղ էր։ Դպրոցում մեզ ջերմորեն դիմավորելուց հետո աշակերտները մեզ ուղեկցեցին դասարաններ, որտեղ իրականացրինք մեր նախապես պատրաստած դասերը։ Տարբեր դասարանների աշակերտների համար պատրաստել էինք մաթեմատիկա, մտածելու հմտություններ, գրականություն, անգլերեն առարկաների դասընթացներ, որոնցում նրանք մեծագույն հետաքրքրությամբ հնարավորինս ներգրավվեցին, և արդյունքում ունեցանք արդյունավետ քննարկումներ։ Այնուհետև ծանոթացանք աշակերտների դպրոցական կյանքի մի քանի հետաքրքիր դրվագների։ Դպրոցում գործում էր կարպետագործության խմբակ, որի հետ թելերից թևնոցներ պատրաստեցինք։ Իսկ դպրոցի մոտակա այգիներում մեզ որոշ չափով ծանոթացրին այգեգործությանը։ Այնուհետև փոքրիկ արշավ կազմակերպեցինք, որի շնորհիվ ավելի ծանոթացանք գյուղի բնությանն ու տեսարժան վայրերին։ Դպրոց վերադառնալով՝ կազմակերպեցինք ֆուտբոլի խաղ, այնուհետև խարույկի շուրջ երեխաներին ազգային պարեր սովորեցրինք, միասին պարեցինք, կիթառ նվագեցինք, երգեցինք։ Այնուհետև մեզ իրենց տներում հյուրընկալեցին գյուղի ընտանիքները, որ անչափ բարեհամբույր էին ու մեզ օգնելու պատրաստակամ։

Հաջորդ օրվա ամենահետաքրքիր իրադարձությունը դպրոցում տեղի ունեցած ամենամյա ռազմական խաղերն էին։ Դրանց մասնակցեցին Ներքին Ծաղկավանի միջնակարգ դպրոցի, Իջևանի մոտակա գյուղերի դպրոցների, ինչպես նաև մեր դպրոցի թիմերը։ Թիմերը պետք է կատարեին այնպիսի առաջադրանքներ, ինչպիսին են զենքի քանդումն ու հավաքումը, շարժական թիրախին կրակելը։ Մեր թիմի Րաֆֆի Հովհաննիսյանը խաղերում երրորդ տեղը զբաղեցրեց։ Այս խաղերով ամփոփեցինք մեր հիշարժան ու հետաքրքրիր երկու օրերն ու վերադարձանք Երևան։

Այսպիսով՝ նախագիծը արդյունավետ համագործակցություն հաստատեց դպրոցների միջև և տվեց մեզ ոչ միայն մեր գիտելիքները կիսելու, այլև նոր փորձառություն ու հմտություններ ձեռք բերելու հնարավորություն։

Նինա Պռազյան, 11-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>