Նարեկ Քասսար՝ միջազգային երաժշտական փառատոնների բազմակի մեդալակիր այբեցի դաշնակահարը

«Այբ» դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Նարեկ Քասսարը մասնակցել է Իտալիայում կայացած «Սոպրավիստա» (Sopravista) միջազգային երաժշտական փառատոնին և նվաճել ոսկե մեդալ ու արժանացել առաջին կարգի պատվոգրի։ Ավելի վաղ՝ հոկտեմբերին, Նարեկը մասնակցել էր Վիեննայում կայացած BTHVN WIEN միջազգային երաժշտական մրցույթին և ստացել պատվավոր չորրորդ մրցանակը։

Երաժշտությունը Նարեկի կենսակերպն է դեռ մանկուց։ Երբ դեռ միջազգային մանկական կրթական կենտրոնի սան էր, մեծ հետաքրքրությամբ և սիրով էր մասնակցում երաժշտության դասերին։ 5 տարեկանում նա սկսեց ծանոթանալ դաշնամուր նվագելու արվեստին, իսկ 6 տարեկանում մասնակցեց Գյումրիում կայացած «Վերածնունդ» պատանի կատարողների միջազգային մրցույթ-փառատոնին և արժանացավ չորրորդ կարգի մրցանակի։

2018, 2019, 2020 և 2021 թվականներին մասնակցել է Art Music միջազգային մրցույթ-փառատոնին և արժանացել ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների ու պատվավոր մրցանակների։ 2019 և 2021 թվականներին մասնակցել է Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների հինգերորդ և վեցերորդ միջազգային մրցույթ-փառատոններին և արժանացել դիպլոմների։ 2020 թվականի դեկտեմբերին Իտալիայում կայացած «Սոպրավիստա» հեռավար միջազգային մրցույթ-փառատոնում արժանացել է երկրորդ մրցանակի։ Նույն թվականին Մեխիկոյում կայացած «Villahermosa» միջազգային հեռավար մրցույթ-փառատոնում արժանացել է դափնեկրի կոչման, Բրյուսելում կայացած միջազգային երաժշտական հեռավար մրցույթում՝ պատվավոր երկրորդ մրցանակի և Մալազիայում կայացած հեռավար մրցույթ-փառատոնում՝ դիպլոմակրի կոչման։ 2021 թվականին Փարիզում կայացած պատանի երաժիշտների մրցույթում Նարեկը ստացել է երրորդ մրցանակ և նույն տարում մասնակցել նաև Ստոկհոլմում կայացած ութերորդ միջազգային երաժշտական փառատոնին, որում արժանացել է երրորդ մրցանակի։ Գերմանիայում էլ՝ Կլառա Շումանի միջազգային երաժշտական մրցույթում, զբաղեցրել է պատվավոր երրորդ տեղը։ 2022 թվականի մայիսին մասնակցել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացած Բեթհովենի անվան մրցույթին և արժանացել երկրորդ պատվավոր մրցանակին։

Այս տարի ամռանը նաև տեղի ունեցավ Նարեկի բարեգործական մենահամերգը, որի հասույթը փոխանցվեց քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների բուժմանը։

Նարեկն ապրում է երաժշտությամբ և երազում դառնալ երաժշտական պրոդյուսեր։ Վստահ ենք՝ նրա անունը դեռ շատ կլսենք միջազգային բեմերում։

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>