«Ռոքեստրը» Տիկնիկայինի բեմին պատկերեց աշխարհի «Երաժշտաքարտեզ»

Երաժշտական ճամփորդություն ամբողջ աշխարհով, միջմայրցամաքային նավարկություններ՝ ողողված ամենատարբեր մշակույթների բացահայտումներով, կարճ ասած՝ Տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ «Այբ» ավագ դպրոցի նախագծային ուսումնառության «Ռոքեստր» ակումբի «Battle of Evermore» խմբի «Երաժշտաքարտեզ» համերգ-շնորհանդեսը։ Այս տարի մեր իրականացրած նախագիծը նվիրված էր աշխարհի տարբեր ժողովուրդների, երկրների և տարածաշրջանների ժողովրդական երաժշտությանը՝ հայերից մինչև գնչուներ ու սլավոններ, Հյուսիսային Եվրոպայից մինչև Հարավային Ամերիկա ու Աֆրիկա։

Ի սկզբանե նախագծի գաղափարն ու կաղապարը կազմելուց հետո բաժանվեցինք ըստ տարածաշրջանների և սկսեցինք ուսումնասիրել յուրաքանչյուրի աշխարհագրական, մշակութային, ապա ամենակարևորը՝ երաժշտական առանձնահատկությունները։ Մյուսը երգերի ընտրության փուլն էր, երևի թե ամենադժվարը, որովհետև ընտրությունը մեծ էր, ժամանակը՝ ոչ այնքան։ Տարատեսակ քվեարկությունների, կարծիքների, առարկությունների ու համաձայնությունների արդյունքում ի վերջո ընտրեցինք մեր «շուրջերկրյա» երգացանկն ու սկսեցինք փորձերը։ Ու չնայած փորձերի ընթացքում հնարավոր է, որ երկար էինք մնում Նորվեգիայում կամ Ամերիկայում, այնուամենայնիվ, համերգում ճամփորդեցինք այնպես, ինչպես ծրագրել էինք․ բարձրացանք մեր նախագծած նավը, զինվեցինք գործիքներով, պարզեցինք առագաստներն ու ճամփորդությանը սկիզբ դրեցինք Հայաստանի Գյումրի քաղաքից։ Ճամփորդեցինք, «ճամփորդեցրինք», ծանոթացանք ու ներկա հանդիսատեսին ծանոթացրինք նորվեգուհի Էլֆին, գնչուներին, իռլանդական ջրիմուռին, նավարկեցինք նույնիսկ ցամաքով և մեր վերջնակետը գտանք կրկին Հայաստանում, քանի որ ինչպես ասում են՝ «Մեր վերջի մեջ մեր սկիզբն է»։

Ահա այսքան բազմերանգ էր այս տարվա նախագիծը, որ դարձավ համաշխարհային մշակույթների բացահայտմանն ու ճանաչմանը մոտենալու մարտահրավերային, բայց չափազանց հետաքրքիր հնարավորություն։

Աիդա Ավետիսյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>