2023-2024 ուստարում նախագծային ուսումնառության «Մուլտիմեդիա» ակումբն իրականացրեց 3 նախագիծ։
Առաջին նախագիծը՝ «Սիրո մի կյանք. Շառլ Ազնավուր» հեռուստաֆիլմը, նվիրված է 20-րդ դարի մեծագույն արտիստ ճանաչված Շառլ Ազնավուրին։
Նախագծի շրջանակում ակումբի մասնակիցներն ուսումնասիրել են Ազնավուրի կյանքն ու կարիերան՝ հիմք ընդունելով հայերեն հրատարակված նրա ինքնակենսագրականները: Ֆիլմի պատրաստման համար ակումբի մասնակիցները հարցազրույցներ են անցկացրել այն մարդկանց հետ, ովքեր անձամբ ճանաչել են մաեստրոյին ու առնչվել ազնավուրյան արվեստին:Ակումբի երկրորդ նախագածի՝ «Ազնավուր/Յան/» երաժշտական փոդքաստի շրջանակում ակումբի անդամներ Կորյուն Մելքոնյանը և Մանվել Հարությունյանը խորապես ուսումնասիրել են Շառլ Ազնավուրի երգարվեստը: Երաժշտական փոդքաստի տասը թողարկումներում ներկայացրել են Ազնավուրի դիսկոգրաֆիայի լավագույն նմուշները՝ պատմելով հայտնի երգերի մասին անհայտ պատմություններ:Իսկ «Հայփոդ. Արցախ» փոդքաստների շարքում ակումբի անդամ աշակերտներից յուրաքանչյուրը ներկայացրել է Արցախի մեկ շրջան՝ իր պատմությամբ, մշակույթով, ավանդույթներով: Նախագծի առանձնահատկությունն այն է, որ արցախյան շրջանները խոսում են իրենց անունից, այսինքն՝ մարդեղենացվել են ու պատմում են հայտնի ու անհայտ Արցախի մասին:
Բացի փոդքաստներից՝ աշակերտները նաև տեսահարցազրույցներ են անցկացրել արցախցի բլոգեր երիտասարդների հետ, ովքեր արցախյան անուշ բարբառով ու պատմություններով հարստացրել են պատմությունները յուրովի:
Նախագծի նպատակն էր երիտասարդների ու հանրության շրջանում Արցախի պատմության, մշակույթի, ավանդույթների մասին իրազեկումը, արցախյան հիշողությունն ու հայրենիք վերադառնալու հույսը վառ պահելը:
1 տարվա ընթացքում աշակերտները հնարավորություն ունեցան արտահայտվելու և ստեղծագործելու մուլտիմեդիայի միջոցով՝ միաժամանակ ձեռք բերելով թվանշային մեդիայի, լրագրության, ֆիլմարտադրության, մոնտաժի, օպերատորական գործի, ինչպես նաև սցենարային աշխատանքի խիստ օգտակար փորձ: