Կարգապահություն, անդադար աշխատանք, նպատակ, երազանք․ այս հերթականությամբ

Մտածում էի՝ ինչ հոդված գրել, և ինչ թեմա էլ մտքիս գալիս էր, կիսատ էի թողնում։ Կարծում էի՝ թեմայի սխալ ընտրության, շահադրդման (մոտիվացիա) պակասի պատճառով է, սակայն, ներքին վերլուծություն կատարելով, հասկացա, որ դրանք ընդամենը արդարացումներ են, իսկ բուն խնդիրը ծուլությունն է։ Այս հոդվածում փորձենք հասկանալ ծուլության ու մոտիվացիայի պակասի տարբերությունը և գտնենք ուղիներ, թե ինչպես պահպանել մոտիվացիան (եթե հնարավոր է)։

Նախ սկսենք մոտիվացիայի պակասի և ծուլության տարբերությունները հասկանալուց։ Մոտիվացիայի պակասը ժամանակ առ ժամանակ եկող նմանատիպ մտքերն են՝ «ինչի՞ համար եմ սա անում», «ի՞նչ իմաստ կա» և այլն։ Այս հարցերը վերջնական նպատակի անորոշ լինելու հետևանքով են առաջանում, և սա ժամանակավոր բնույթ ունի։ Ծուլության դեպքում ուրիշ խնդիր է։ Կա նպատակ, որին հասնելու համար ծուլանում ենք աշխատել կամ, ավելի վատ, ծուլանում ենք մեր առջև նպատակ դնել։ Ծույլերը մեծ մասամբ ամեն ինչ թողնում են բախտի քմահաճույքին և չեն փորձում բեկում մտցնել իրավիճակի մեջ, քանի որ կարծում են՝ դա անհնար է։ Սրան կարող ենք հակափաստարկել «Մարտական ակումբ» ֆիլմից (եթե դեռ չեք դիտել, ապա անպայման դիտեք) մեջբերում անելով «Մենք ենք որոշում մեր ներգրավվածության չափը»։

Իսկ հիմա փորձենք լուծումներ գտնել մոտիվացիայի պակասի և դրա հետևանքով առաջացած խոչընդոտների համար։ Ինչպես վերը նշեցի, խնդիրը նպատակի և իրավիճակի անորոշությունն է։ Խնդիրը հաղթահարելու համար պետք է դնել հստակ վերջնական նպատակ, որը չի լինի իրականությունից կառչած, քանի որ պատմությունը ցույց է տվել, որ մեծ խնդիրները լուծվում են այն մարդկանց կողմից, որոնց նպատակներն իդեալիստական են և չեն համարվում իրատեսական։ Իհարկե, բարդ է դնել հստակ, բայց միևնույն ժամանակ իրականությունից չկառչած նպատակ, բայց անհնար չէ։ Ընդամենը հարկավոր է շատ մտածելու և երևակայական խնդիրներ ստեղծելու փոխարեն ձևակերպել նպատակը։ Այս քայլից հետո պետք է մեծ նպատակը բաժանել փոքր նպատակների։ Փոքր նպատակների իրագործման ընթացքում մոտիվացիան կարելի է պահպանել վերջնական նպատակը հիշելով, սակայն դա 100-տոկոսանոց արդյունք չի խոստանում։ Այստեղ օգնության է հասնում նորին գերազանցություն կարգապահությունը։ Կարգապահությունը այն հզոր ուժն է, որը ձևավորում է կամքի ուժ և մոտիվացիայի պակասի դեպքում չի դադարեցնում նպատակին հասնելու ընթացքը։ Այս պարբերությունն էլ եզրափակենք ամերիկյան հանրահայտ «Դատական գործեր» սերիալից մեջբերումով«Ես բախտավոր չեմ, ես եմ ստեղծում իմ բախտը»։

Մի՛ դադարեք երազել, բայց երազելուն զուգահեռ մի՛ մոռացեք անդադար սովորելու և աշխատելու մասին։

Վահե Դաբաղյան․ 12-րդ դասարան

Կիսվել

Tag Blog

Tweets by AybSchool
>