«Այբ»-ի ունիկալ պատմությունը, ազգային հենքի վրա նորարար կրթական ծրագիրը և կրթության կառավարման մոտեցումներն էին մոսկովյան դպրոցների տնօրենների ուշադրության կենտրոնում։ Նրանց եռօրյա այցն «Այբ» դպրոց նախաձեռնել էր Մոսկվայի շրջանի կրթության նախարարությունը, որի խնդրանքով «Այբ»-ում կազմակերպեցինք նաև պրակտիկ սեմինարներ մոսկովյան լավագույն դպրոցների տնօրենների համար։
Պատվիրակությունը գլխավորում էր Մոսկվայի շրջանի կրթության նախարարի առաջին տեղակալ Ելենա Միխայլովան։ Կրթական հաստատությունների ղեկավարների համար «Այբ»-ն անցկացրեց եռօրյա սեմինար «Կրթության կառավարման ժամանակակից միտումները» խորագրով։
Սեմինարի մասնակիցները երեք օր հաղորդակից եղան «Այբ»-ի կյանքին, ներկա եղան համայնքի ժամին, մասնակցեցին դասալսումների, շփվեցին աշակերտների և ուսուցիչների հետ։ Գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը և համայնքի գծով տնօրեն Աննա Ակոպյանը հյուրերին ծանոթացրին «Այբ»-ի պատմությանն ու առաքելությանը, «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրին և նախագծային ուսումնառության առանձնահատկություններին։
Մասնագիտական սեմինարներ վարեցին «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը («Կառավարում և առաջնորդություն կրթության ոլորտում») և «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը («Կրթական հաստատության ուղին՝ գաղափարից նպատակներ»)։
Սեմինարն ավարտվեց գործակցության լայն հեռանկար բացելու երկկողմ նպատակադրումով և ջերմ հիշողություններով։
Կիսվել