Մոլորակը «Այբ»-ում 2023․ աշակերտների ու աշխատակիցների համատեղ թիմերը ներկայացան աշխարհագրական տաղավարներով

«Այբ» դպրոցում ավանդույթ է դառնում գարնանային «Մոլորակը «Այբ»-ում» միջոցառումը: Միջոցառման ժամանակ դպրոցի տանիքի տակ են հավաքվում Երկիր մոլորակի տարբեր երկրներ և մշակույթներ ներկայացնող աշակերտներ և աշխատակիցներ, և մենք հնարավորություն ենք ունենում խորությամբ բացահայտելու մեր մոլորակի մշակութային բազմազանությունը։


Ինչպես նախորդ տարի, այս անգամ ևս և՛ աշակերտական, և՛ ուսուցչական համայնքները ցուցաբերեցին մեծ հետաքրքրություն։ Աշակերտներից և աշխատակիցներից ձևավորված թիմերը միջոցառման ընթացքում ներկայացրին ամենատարբեր երկրների տոները, մշակութային արժեքները, կրոնը, խոհանոցը և կրթական համակարգը: Այս անգամ դպրոցում կարելի էր գտնել Չեխիայի Հանրապետության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Հնդկաստանի, Մեքսիկայի, Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչներին, որոնց միացել էր նաև Արցախի Հանրապետության թիմը, քանի որ 2022-2023 ուստարին «Այբ» դպրոցում Արցախի տարի է հայտարարվել։

Յուրաքանչյուր թիմ իր երկիրը ներկայացրեց հրաշալի կերպով, իսկ ահա աշխարհի տարբեր ծայրերից բերված տարբեր խորտիկները` չեխական նրբաբլիթները, արաբական հումուսը, հնդկական ջալեբին, մեքսիկական տակոն, աֆրիկյան քաղցրավենիքը և իհարկե արցախյան ժենգյալով հացը, բոլորին ամենաշատը դուր եկան։ Հետաքրքիր էին նաև թիմերի ներկայացրած ազգային տոները` Հնդկաստանում նշվող Դիվալին և Մեքսիկայի Dia de los muertos` «Մեռյալների օր», տոնը։ Թիմերը ներկայացրին նաև իրենց երկրների պատմության տարբեր ժամանակաշրջաններ, և «Լավագույն բովանդակություն» անվանակարգում պատմության հրաշալի ներկայացման համար մրցանակի արժանացավ Հնդկաստանի թիմը։ «Լավագույն ստեղծագործական միտք» անվանակարգում մրցանակի արժանացավ ՀԱՀ թիմը` իրենց պետությունը տարբեր միջոցներով, նույնիսկ վիրտուալ իրականությամբ, բազմակողմանի ներկայացնելու և տաղավարի հրաշալի ձևավորման համար։ Իսկ տարվա «Լավագույն թիմ» դարձավ ԱՄԷ թիմը, քանի որ թիմի մենտորը և բոլոր անդամները կարողացան հիանալի համագործակցել միմյանց հետ։

Միջոցառման վերջում թիմերը ներկայացրին իրենց պետություններին յուրահատուկ ավանդույթներ. Չեխիան ներկայացնող թիմը կազմակերպեց չեխական ազգային խաղ տղաների համար, ներկայացվեցին աֆրիկյան և մեքսիկական պարեր, ինչպես նաև հնդկական ֆիլմ։ Իսկ ահա միջոցառումն ամփոփեցինք հայկական ազգային պարերով։

Անժելա Մաթևոսյան, 11-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>