Մոլորակը տեղափոխվել էր «Այբ», իսկ այբեցիները՝ աշխարհի տարբեր ծայրեր

«Այբ»-ը կրթության արժևորման հետ մեկտեղ կարևորում է աշակերտների բազմակողմանի ընդունակությունների ու աշխարհայացքի ընդլայնումը: Սա փաստում են նաև «Այբ»-ի աշակերտի 8 սկզբունքները: Հենց դրանցից մեկի՝ նախաձեռնողականության մասին է այս հոդվածը:

Տեղի ունեցավ «Մոլորակը «Այբ»-ում» միջոցառումը, որը 11-րդ դասարանի աշակերտների 10 նախագծերից մեկն էր։ Նախաձեռնել էր աշխատակիցների արժևորման թիմը: Միջոցառման նպատակն էր դպրոցի աշխատակիցների ու աշակերտների միջև համագործակցությունն է՛լ ավելի խորացնել և հետաքրքրիր օր պարգևել «Այբ» համայնքին՝ տարբեր երկրների առանձնահատկություններին ծանոթացնելով:

Միջոցառմանը մասնակցելու հայտ լրացրած աշակերտներից և աշխատակիցներից պատահականորեն ընտրվել ու ձևավորվել էին 7 թիմեր, որոնցից յուրաքանչյուրին կրկին վիճակահանությամբ բաժին էր ընկել որևէ տարածաշրջան՝ դրանում ընդգրկված երկրների շարքով: Թիմերը պետք է ընտրեին մեկ երկիր և ստեղծեին համապատասխան տաղավար, որը կներառեր 4 բաժին՝ մշակույթ, խոհանոց, ավանդույթներ, կրթական համակարգ: Յուրաքանչյուր թիմի աշխատանքը գնահատելու էր ժյուրին:

Թիմերը ներկայացնում էին Մարոկկոյի, Հունաստանի, Հարավային Կորեայի, Ուզբեկստանի, Նորվեգիայի, Նոր Զելանդիայի և Մեքսիկայի խոհանոցները՝ ամենահամեղ ու ամենաբազմազան ուտեստներով ու քաղցրավենիքով՝ շեշտը դնելով տվյալ երկրի բնակչության նախասիրությունների ու ավանդույթների վրա: Հիմնականում թիմերն ընտրել էին այնպիսի ուտեստներ, որոնք հնարավոր կլիներ պատրաստել Հայաստանում՝ միաժամանակ պահպանելով ուտեստի բոլոր համային նրբերանգները:

Մշակութային տարրերը ներկայացնելիս թիմերն ուշադրություն էին դարձրել իրենց ընտրած երկրների ավանդույթներին, ճարտարապետությանը, պատմությանը, անգամ տարազներին ու ավանդական հագուստներին՝ ընդգծելով ու շեշտադրելով յուրաքանչյուր երկրին բնորոշ առանձնահատկությունները՝ միաժամանակ դրանք համադրելով ու հակադրելով հայկական քաղաքակրթությանն ու մշակույթին: Տարբեր թիմերի ներկայացուցիչներ ընտրել էին հատուկ տարազներ՝ ըստ ներկայացվող երկրների, հատուկ նախշերով վերնազգեստներ և անգամ վիկինգների հագուստը, քանի որ ուսումնասիրել էին երկրների նաև ավելի վաղ շրջանի պատմությունը: Մշակութային հատվածում չէին մոռացվել նաև յուրաքանչյուր երկրին բնորոշ պարերն ու երգերը, որոնց մասնակցեցին նաև այլ աշակերտներ ու ներկա հյուրերը:

Ավանդույթներն ու կրթական համակարգը ներկայացնելիս թիմերը ուշադրություն էին դարձրել և իրենց ներկայացման մեջ ներառել հենց այն նյութերը, որոնց մասին քիչ տեղեկություններ կան: Ավանդույթներն ու առասպելները ուսումնասիրելիս թիմերի ներկայացուցիչներն օգտվել էին տարբեր գրքերից և անգամ խոսել տվյալ երկրի ներկայացուցիչների հետ, օրինակ՝ Հունաստանի թիմն ուներ հատուկ հյուր Հայաստանում հունական համայնքից։ Պավել Ակրիտասը սիրով ու պատրաստակամությամբ համաձայնել էր մասնակցել միջոցառմանը, աշակերտներին օգնել պատրաստելու տաղավարը հունական հարուստ խոհանոցով, մշակույթով ու ավանդույթներով։ Միջոցառման ժամանակ էլ նա ներկայացրեց հունական մեծ համայնքի դերը Հայաստանում, ինչպես նաև խոսեց հունական առասպելներից ու ավանդույթներից, կրթությունից ու զուգահեռներ անցկացրեց հայկական ու հունական դիցաբանության ու պատմության միջև:

Ժյուրին, համտեսելով բոլոր ուտեստներն ու մասնակցելով պարերին ու երգերին, թիմերի անդամներից տեղեկություններ ստանալով ներկայացվող երկրների պատմության, մշակույթի ու կենցաղի մասին, ընտրեց տարբեր անվանակարգերում հաղթողների, իսկ լավագույնի կոչմանն արժանացավ Հունաստանը ներկայացնող թիմը՝ դրա համակարգող, «Այբ» դպրոցի մասնագիտական կողմնորոշման բաժնի ղեկավար Ռուզաննա Մայիլյանի գլխավորությամբ:


«Մոլորակը «Այբ»-ում» միջոցառումը հնարավորություն տվեց բոլորիս փոքրիկ ճանապարհորդություն կատարելու տարբեր տարածաշրջանների ամենատարբեր երկրներով ու ծանոթանալու յուրաքանչյուր երկրի պատմությանը, ավանդույթներին ու ավանդություններին, կենցաղին, կրթությանն ու մշակույթին: Աշակերտների նախաձեռնած միջոցառումը կդառնա ավանդական ու կդասվի այբական սիրելի տոների շարքում։

Քսենյա Մուրադյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>