«Մոբի ստուդիո»-ն ներկայացնում է «արտակարգ իրավիճակային» սոցիալական հոլովակներ ու ֆիլմ

«Այբ» դպրոցի «Մոբի ստուդիո» ակումբի աշակերտներն ակումբի ղեկավար Էրիկ Անթառանյանի օգնությամբ զարգացնում են հեռախոսից (հիմնականում տեսախցիկից) օգտվելու իրենց հմտությունները։

Մինչև նկարահանումները սկսելը մենք փորձարկել ենք տարբեր հավելվածներ, սովորել ենք նվազագույն տեխնիկայով ստանալ որակյալ կադրեր և թե ինչպես որոշ հարմարանքների փոխարեն ուղղակի օգտագործենք մեր ձեռքերը։ Օրինակ, եթե կացոց (штатив) չունեք, բայց ցանկանում եք ստանալ սևեռակված (ֆիքսված) կադր, ապա ազատ ձեռքի ափով բռնում եք հեռախոսը պահող ձեռքի արմունկը։ Եթե ցանկանում եք լուսանկար կամ տեսանյութ ստանալ ուղղանկյունաձև էկրանների (նոթբուք, հեռուստացույց) համար, ապա ոսկե կանոնը հեռախոսը հորիզոնական դիրքով պահելն է։ Դասերի ընթացքում ձեռք բերած հմտությունները կիրառելով՝ պատրաստվում ենք նկարել և մոնտաժել գեղարվեստական ֆիլմ ու հոլովակներ։

Գեղարվեստական ֆիլմը նկարահանվելու է արձակագիր, դրամատուրգ, դերասան և թարգմանիչ Էլֆիք Զոհրաբյանի «Սե՞ր, թե՞ քուանշ» լիրիկական կոմեդիայի հիման վրա։ Պիեսը, որն ընդգրկված է գրողի «Թեթև տարեք» գրքում, պատմում է ընթերցասեր գողի և մեծ գրադարան ունեցող աղջկա հանդիպման մասին, իսկ թե ինչպես է ավարտվում այդ հանդիպումը, կիմանաք ֆիլմը դիտելուց հետո։ Պիեսի ընտրությունը կատարելիս հաշվի ենք առել մի քանի հանգամանք՝ գործի արդիականությունը, երկխոսությունների ռիթմիկ կառուցվածքը, պիեսի ծավալը և առկա տեսարանների քանակը։

Արտակարգ դրության հայտարարմամբ պայմանավորված՝ փոխվեցին նաև սոցիալական հոլովակները նկարահանելու ձևաչափը և թեմաները։ Բոլոր հոլովակները նկարահանվել են տանը։

Առաջին հոլովակը «Այբ» դրպրոցի աշակերտի առօրյայի վրա ինքնամեկուսացման թողած դրական և բացասական ազդեցությունների մասին է։ Երկրորդ հոլովակը, որը նաև հումորային է, այն մասին է, թե ինչ ձևափոխությունների են ենթարկվել միմյանց հետ շփվելը, տնից դուրս գալը, համացանցում բլոգերներին հետևելը և այլ սովորական վիճակները կորոնավիրուսի՝ մեր կյանք մտնելուց հետո։

Երրորդ հոլովակը դեռևս պատրաստման փուլում է. այնտեղ զուգահեռներ են տարվում տանը մեկուսացած, սովորական առօրյայից կտրված, մարդկային անմիջական շփումից զրկված մարդկանց և կենդանաբանական այգիներում բնական պայմաններից, իրենց հայրենիքից կտրված, ազատությունից զրկված կենդանիների միջև։ Ուղերձը հետևյալն էցանկացած կենդանի օրգանիզմ ձգտում է և կարիք ունի ազատության։

Վահե Դաբաղյան, «Մոբի ստուդիո» ակումբ

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>