«Այբ»-ի աշակերտների գիտական ու բնապահպանական նախագծին ծանոթանալու համար «Այբ»-ում հյուրընկալել էինք շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին ու նախարարի տեղակալ Աննա Մազմանյանին։ «Այբ» դպրոցի աշակերտները RenéMask նախագծով ներկայացնում էին Հայաստանը The Earth Prize 2022 բնապահպանական մրցույթում։ 114 երկրի 516 դպրոցների թիմերի հետ մրցակցությունում այբեցիները հայտնվել էին լավագույն տասնյակում։
Դպրոցի լաբորատորիայում RenéMask նախագծի հեղինակ աշակերտները նախարարին պատմեցին բժշկական դիմակների վերամշակման իրենց նախագծի մասին և գործնականորեն ցուցադրեցին փորձարկումներից մի հատված։ Նախարարը շնորհակալություն հայտեց աշակերտներին Հայաստանի անունը գիտակրթական ասպարեզում բարձր պահելու համար։
Նախագծային ուսումնառության «Կանաչ քիմիա» ակումբի նախկին անդամ, «Այբ» դպրոցի շրջանավարտ Սերգեյ Բադալյանն էլ պատմեց կենսաքայքայվող պլաստիկների նախագծի մասին, որով ակումբի անդամ աշակերտները մասնակցել էին բազմաթիվ միջազգային մրցույթների, ստացել նաև գյուտի արտոնագիր։
Գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը հյուրերի համար շրջայց անցկացրեց դպրոցում՝ ծանոթացնելով դպրոցի հնարավորություններին, կրթական միջավայրին, աշակերտների իրականացրած նախագծերին։
«Այբ» դպրոցում բնապահպանական վարքագիծը և շրջակա միջավայրի հանդեպ հոգատար վերաբերմունքը մշտապես ուշադրության կենտրոնում են։ Դպրոցում գործում է հասարակական գործունեության «Էկո» թիմը։ Աշակերտները կամավորական սկզբունքով նախաձեռնում և իրականացնում են շաբաթօրյակներ, ազդապաստառային արշավներ, ստեղծում ահազանգող հոլովակներ ու կազմակերպում տեղեկատվական միջոցառումներ ինչպես «Այբ»-ում, այնպես էլ դպրոցից դուրս՝ Հայաստանի տարբեր վայրերում։
Նախարարն իր հիացմունքն արտահայտեց առ այն, որ տարբերվող մոտեցումը դասավանդման գործընթացին աշակերտների մեջ կարող է խթանել նախաձեռնողականություն՝ զարգացնելով նրանց նորարարական մտածողությունն ու ստեղծարարությունը։
Համատեղ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ «Այբ» դպրոցի աշակերտների նախագծերը կլինեն նախարարության դիտակետում և կմշակվեն գործակցության հարթակներ։
Կիսվել